«Արարատ 73»-ը 45 տարեկան է. Նիկիտա Սիմոնյանը գիտի` ինչպես կարելի է կրկնել հաջողությունը

Լեգենդար «Արարատ 73» սխրանքները մինչև հիմա էլ չեն մոռացվել, իսկ դրանց մասին հիշելիս ակամա հարց է ծագում` ինչո՞ւ չենք կարողանում նույնն անել հիմա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. 45 տարի առաջ՝ 1973 թվականի հոկտեմբերին, հայ ժողովուրդը մեծ խնդությամբ տոնում էր Երևանի «Արարատի» հաղթանակը նախկին ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչում: Հաղթանակ, որից հետո մեր ֆուտբոլում նման արդյունքներ չեղան:

Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այսօր տեսակամուրջ էր կազմակերպվել Մոսկվայի հետ: «Արարատ 73»–ի մարզիչ Նիկիտա Սիմոնյանին տեսնելով էկրանին` ֆուտբոլիստներ Սերգեյ Բոնդարենկոն և Սերգեյ Պողոսյանը, որոնք երևանյան սրահում էին, անմիջապես ժպտացին ու շտապեցին շնորհակալություն հայտնել այն մարդուն, որին իրենց ֆուտբոլային հայրն են համարում:

«Արարատ 73»-ը 45 տարեկան է. Նիկիտա Սիմոնյանը գիտի` ինչպես կարելի է կրկնել հաջողությունը

«Մի քանի օր առաջ Երևանում տոնում էինք իմ 70–ամյակը, և ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում ինձ չեն մոռացել: Իսկ ձեզ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հայրական վերաբերմունքի համար: Երկար կյանք եմ ցանկանում քեզ, անմոռանալի մարդ»,- ասաց Բոնդարենկոն:

Լեգենդար «Արարատի» կիսապաշտպանը նշեց, որ իրենք նման արդյունքի հասան տքնաջան աշխատանքի, վարպետության ու մարզչական հմտության շնորհիվ, և այդ հաղթանակը դեռ երկար ժամանակ չի մոռացվի:

Սերգեյ Պողոսյանն էլ ավելացրեց, որ «Արարատը» հաղթեց նաև ֆենոմենալ նվիրվածության շնորհիվ:

«Մենք ամբողջ թիմով հասկանում էինք, որ կարող ենք պատմություն կերտել և այդ հաղթանակին գնացինք համառորեն ու մեծ աշխատասիրությամբ` թիկունքից զգալով Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցությունը»,– ասաց նա:

Ռուսաստանի ֆուտբոլային դաշնության 92–ամյա փոխնախագահը, շնորհավորելով Սերգեյ Բոնդարենկոյին ծննդյան 70–ամյակի կապակցությամբ, նշեց , որ չնայած արդեն պատկառելի տարիքին` ինքը, միևնույնն է, «Արարատի» նախկին ֆուտբոլիստին երիտասարդ է համարում։

«Արարատ 73»-ը 45 տարեկան է. Նիկիտա Սիմոնյանը գիտի` ինչպես կարելի է կրկնել հաջողությունը

«Տարիների տարբերությունը մնում է, և ես բոլորին իմ զավակներն եմ համարում: Փառք ու պատիվ ձեզ, տղաներ, որ հասաք այդ հաղթանակին: Ու հազար ափսոս, որ այդ հաղթանակ կերտողներից շատերն արդեն չկան»,– ասաց Սիմոնյանը:Նա խոսեց նաև հայկական ֆուտբոլի ներկայի մասին։ Սիմոնյանը նշեց, որ ֆուտբոլի զարգացումը չպետք է մտահոգի միայն ակումբին կամ ֆեդերացիային։ Ֆուտբոլը պետք է զարգացնել նաև պետության օգնությամբ։

«Այսօրվա սերնդի մեջ պետք է զարգացնել մարդկային ու խաղային այն որակները, որոնցով օժտված էին «Արարատ»-73-ի տղաները: Այդ դեպքում կունենանք արդեն ոչ թե Հենրիխ Մխիթարյան, այլ Մխիթարյաններ»,- ասաց լեգենդար ֆուտբոլիստն ու մարզիչը: