Ինչու են թանկացել միսն ու կարտոֆիլը, և ուր կհասնեն գներն առաջիկայում

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ներկայացրել է մսի ու կարտոֆիլի առաջիկա թանկացումների վերաբերյալ իր կանխատեսումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբեր — Sputnik. Թթվասերն ու կաթնամթերքը Հայաստանում գնալով թանկանում են, և պատճառը անասնագլխաքանակի աննախադեպ կրճատումն է Հայաստանում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը։

«Դա սկսվեց 2 տարի առաջ, երբ շեշտակի քանակությամբ Ուկրաինայից կաթի փոշի ներմուծվեց Հայաստան։ Կաթի գներն ընկան մինչև 80-90 դրամ։ Արդեն ձեռնտու չէր կովերին պահելը, և հսկայական գլխաքանակ գնաց դանակի տակ»,– ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով` 2 տարում Հայաստանում խոշոր եղջերավոր անասունների շուրջ 80 000 գլխաքանակ է մորթվել։ Դրա հետևանքով մսամթերքի գինն աճել է։ Միայն վերջին 1 ամսում մսի գինը բարձրացել է 1000 դրամով։ Տեղական մսի գինն այսօր հայաստանյան շուկայում հասել է 5000 դրամի։

Նույն իրավիճակն է նաև մանր եղջերավոր անասունների շուկայում։ Բերբերյանի խոսքով` չհաշվարկված արտահանումը դեպի Իրան հանգեցրել է մի իրավիճակի, երբ արտահանվել է անգամ մայրական կազմը` արգելակելով վերարտադրությունը։

Հոլանդացի խոհարարը շշմել է Երևանի շուկայում. մի կեր այն, ինչ նիհար խոհարարն է մատուցում

Այսպիսով, մսի շուկայում երբեմնի ինքնաբավ երկրից Հայաստանը վերածվել է միս ներկրող երկրի։ Վերջին շրջանում մեր երկիր խոզի և տավարի միս է ներկրվել Բելառուսից, որը վաճառվում է 3000 դրամով։

Այդուհանդերձ, Բերբերյանն այս շուկայում հետագա թանկացում չի կանխատեսում` նշելով, որ շեշտակի թանկացումից հետո տեղական մսի գինը ներկայիս մակարդակում կպահպանվի առնվազն մինչև տարեվերջ։

Փոխարենը մոտ ապագայում սպասվում է կարտոֆիլի գնի բարձրացում։ Պատճառը, ըստ Բերբերյանի, վերջին 1 տարում կարտոֆիլի ցանքատարածությունների կտրուկ կրճատումն է (3200 հա–ով)։

«15 տոկոս ցանքատարածությունները պակասել են։ Դա ազդելու է արժեքի վրա»,- ասաց Բերբերյանը։

Նրա կանխատեսմամբ` առաջիկայում կարտոֆիլի 1 կգ–ի արժեքը կհասնի մինչև 250-300 դրամի` ներկայիս 180-200–ի փոխարեն։ Փորձագետը չբացառեց, որ կարտոֆիլի գինը կարող է հասնել անգամ 400 դրամի։