Դավիթ Տոնոյանը մեկնաբանեց շվեդական կործանիչներ ձեռք բերելու լուրը

Նախարարի պաշտոնակատարը հորդորեց չկենտրոնանալ Հայաստանին ուղղված որևէ առաջարկի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Շվեդական կործանիչների հետ կապված որևէ որոշում չի կայացվել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` մեկնաբանելով շվեդական JAS-39 Gripen կործանիչներ ձեռք բերելու լուրը։

«Եկեք չկենտրոնանանք որևէ զինատեսակի վերաբերյալ ՀՀ ՊՆ որևէ առաջարկության վրա: Մենք բոլոր առաջարկություններն ուսումնասիրում ենք», – – ասաց նա։

Տոնոյանի խոսքով` որոշումներն ընդունվում են կախված որակից, գնից և զենքի մատակարարման ժամկետներից։

«Gripen –ի հետ կապված որևէ որոշում չկա։ Կա այլ առաջարկ ուրիշ գործընկերոջից, այն լրջորեն ուսումնասիրվում է, երևի մոտ ապագայում որոշում կկայացվի», – ասաց Տոնոյանը։

Ավելի վաղ ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել, որ Հայաստանը քննարկում է շվեդական JAS-39 Gripen կործանիչներ ձեռք բերելու հարցը։ Մինչ այդ ռուսական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Երևանը շահագրգռված է ռուսական СУ-30СМ գնելու հարցում։