Դավիթ Տոնոյանը խոսեց զինծառայողների աշխատավարձի մասին

Մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողները նախևառաջ պարգևավճարներ կստանան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ներկա փուլում զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցը կլուծվի պարգևավճարների տեսքով, երկուշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Նույնիսկ 26,6%–ով ավելացած ռազմական բյուջեում աշխատավարձերի բարձրացում նախատեսված չէ։ Սակայն ենթադրվում է, որ ՊՆ–ն կկարողանա զինծառայողների եկամուտների բարձրացում ապահովել պարգևավճարների հաշվին», – ասաց Տոնոյանը։

Նրա խոսքով` առաջին հերթին խոսքն այն զինվորականների մասին է, որոնք մարտական հերթապահություն են իրականացնում։ Հարկահավաքման արդյունավետության բարձրացման և տնտեսության զարգացման պարագայում հնարավոր կլինի խոսել աշխատավարձերի բարձրացման մասին։

Ինչ վերաբերում է սոցիալական երաշխիքներին, մասնավորապես, բնակարանների տրամադրմանը, ապա, ըստ նրա, 25 տարվա ընթացքում ստեղծված որոշակի քանակության բնակֆոնդը գրեթե հավասարվել է դրանց կարիքն ունեցող զինվորականների քանակին։

Նա նշեց, որ ՊՆ ֆոնդից մոտ 1400 բնակարան կփոխանցվեն մասնավոր սեփականություն։ Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն իսկ 122 բնակարան փոխանցվել են կարիքավորներին։ Այդպիսով պետք է լուծվի թոշակի անցած մոտ 1/3 զինծառայողների հարցը։

Երկրորդ լուծումը հիփոթեքն է, որը հասանելի կլինի զինծառայողների համար։ Դա վերաբերելու է ոչ միայն երիտասարդ զինվորականներին, այլև նրանց, ովքեր ծառայել են 10 կամ 20 տարի։