ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Միջազգային փորձագետների և Վենետիկի հանձնաժողովի մոտեցումն է, որ խորքային փոփոխություններ Ընտրական օրենսգրքում չի կարելի անել ընտրություններից առաջ առնվազն մեկ տարի ժամկետում: Այս մասին այսօր ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը:
«Մենք գնում ենք ընտրությունների՝ շատ լավ հասկանալով, որ այդ հապճեպության պատճառներից մեկն այն ոգևորությունն է, որ այսօր իշխանություն ձևավորող քաղաքական ուժը, հատկապես Երևանի ավագանու ընտրություններից հետո հավաքելով բարձր տոկոս, չի ցանկանում կորցնել բարձր վարկանիշը ընտրություններից առաջ»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ հայտ են ներկայացնում՝ այս ընտրություններին լինելու հիմնական ընդդիմադիր ուժ, առավել ևս, որ ունեն սկզբունքային հակասություններ գործող իշխանության հետ. «Առաջիկա ընտրություններում չի որոշվելու, թե ով է լինելու իշխանություն, այդ հարցը, կարծես թե, որոշված է, և կարծում եմ՝ այն վարչապետը, որին հրապարակում հավաքված մեր քաղաքացիները մատնանշեցին որպես ժողովրդի թեկնածու, պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որը ստանձնել է:
Ինքն ունի ապացուցելու բան, և մենք պատրաստ ենք որպես ընդդիմություն հավասարակշռել դա՝ պարտադրելով, որ ժողովրդի տված խոստումները կատարվեն:
Սա է մեր նպատակը, օրակարգը, և մենք գնում ենք ժողովրդից քվե խնդրելու ոչ թե իշխանություն լինելու, լծակներ ունենալու, ոչ թե արտոնություն ունենալու, այլ գնում ենք քվե խնդրելու՝ ծանր պատասխանատու բեռ կրելու, ընդդիմություն լինելու, որը ենթադրում է միմիայն ծանր աշխատանք, քրտինք, և մենք պատվով ուզում ենք դա կատարել»,-ասաց նա: