ՀՀԿ-ն պետք է մասնակցի խորհրդարանական ընտրություններին․ Շարմազանովը բացատրեց պատճառները

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկա պայմաններում միակ այլընտրանքային ընդդիմությունն է, կարծում է ՀՀԿ խոսնակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այդ մասին լրագրողներին ասաց Հայաստանի ԱԺ փոխխոսնակ և ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ դուրս գալով ՀՀԿ խորհրդի նիստի դահլիճից։ Նրա խոսքով՝ միակ և գլխավոր հարցը, որը քննարկում են խորհրդի անդամները, ընտրություններին մասնակցելը կամ չմասնակցելն է։ Երկրորդ հարցը երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն է։

Իշխելու գայթակղությունը. ի՞նչ կլինի, երբ ամեն ինչ հանդարտվի

«Ես ոչ միայն կողմ եմ մասնակցելուն։ Ես առաջ եմ մղել այդ գաղափարը անկախ նրանից՝ դա ձեռնտու է, թե ոչ, ընտրությունները հապճեպ են կազմակերպված, թե ոչ։ Կուսակցությունը պետք է մասնակցի ընտրություններին, եթե այն իրենից քաղաքական ուժ է ներկայացնում», - ասաց Շարմազանովը։

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն կանգնած է Հայաստանի անկախության ակունքներում։ Կուսակցությունը տեսնում է երկրի առջև ծառացած մարտահրավերները և ասելիք ունի։

Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ ՀՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի կառավարության միակ այլընտրանքային ընդդիմությունն է։ Նա նշեց, որ ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության որոշման մասին նիստից հետո կհայտարարի ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը։