ՀՀԿ-ն հնարավորություն ունի կարճ ժամանակում պատրաստվել ընտրություններին. Վիգեն Սարգսյան

ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին. ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը չի լինի ցուցակում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցելու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այս մասին ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը:

Պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ իրենք հնարավորություն ունեն՝ կարճ ժամանակում պատրաստվել ընտրություններին:

«Քննարկել ենք կարևոր փաստաթուղթ, դա այն բանաձևն է, որը ամրագրում է ՀՀԿ մոտեցումները երկրում տեղի ունեցած գործընթացներին»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանն ասաց, որ իրենք որպես կուսակցություն շատ հետաքրքիր և կարևոր գործընթացի միջոցով են անցել, դա կարգավիճակի տրանսֆորմացիան է. երկար տարիներ իշխանություն լինելուց հետո կուսակցությունը նոր կարգավիճակով իր ներդրումը բերելու ուղիներն է որոնում որպես ընդդիմադիր ուժ:

Փաշինյանը պետք է շարունակի կատարել այն պարտականությունը, որ ստանձնել է. Սարգսյան

Նա նշեց, որ դա նոր կարգավիճակ է, և հետխորհրդային և արևելյան երկրներից մեջ քիչ է հիշում օրինակներ, երբ այդ տրանսֆորմացիան չի տվել իր արդյունքը, եթե ճիշտ է կատարվել:

«Այս օրերին ինձ, իմ գործընկերներին բարին ցանկացողները հաճախ խորհուրդ են տվել՝ շատ լավ կլինի, որ դուք ձեր փորձով առանձնանաք, մի փոքր բան ստեղծեք, ժողովուրդը ձեզ կվստահի, կհավանի:

Մեր թիմը քաղաքական թիմ է, և կարծում եմ, որ վերջին ամիսների իրադարձությունները ապացուցեցին, որ բավականին ամուր թիմ է, որը կարող է դիմակայել բարդ զարգացումներին, և գոնե այն մարդիկ, ովքեր քաղաքական կորիզն են կազմում կուսակցության և լինելու են նաև առաջիկայում ցուցակի առանցքում, եղել են կուսակցությունում ոչ այն պատճառով, որ կուսակցությունը եղել է իշխանություն, այլ համարել են, որ կուսակցությունն ունի գաղափարախոսություն, քաղաքական օրակարգ, որը այսօր ավելի պահանջված է, ունի ասելիքներ, անելիքներ, մենք ունենք կառույցներ, փորձ և ունենք ինստիտուցիոնալ հնարավորություն՝ կարճ ժամկետում նախապատրաստվել ընտրություններին»,-ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նաև հավելեց, որ ցուցակն ինքն է գլխավորելու. ցուցակում չի լինի էքս նախագահ Սերժ Սարգսյանը:

Չի լինի նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, իսկ նախընտրական ամբողջական ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին: