ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Էս մեր ժողովուրդը, ոնց որ լրիվ հակահեղափոխական լինի: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը:
«Վարչապետից է՛լ աշխատատեղ է պահանջում, է՛լ թոշակ, է՛լ ճանապարհ.... կարծես վարչապետն ուրիշ բան ու գործ չունի...»,–նշել է նա։
Սարգսյանի խոսքով` որքան դժվար է իշխանություն լինելուց հետո ընդդիմություն դառնալը, այդքան հեշտ է երևում հակառակը:
«Հենց այն պահին, երբ ՀՀԿ-ն պատրաստվում է ստանալու վարչապետ Փաշինյանի կառավարության ընդդիմության խորհրդարանական քվեն, վարչապետի պաշտոնակատարը վստահորեն սկսում է անել իշխանական ուժի սովորական սխալները` իր անգործության մեջ փորձելով գտնել ժողովրդի մեղքը: Պարո՛ն Փաշինյան, բարի գալուստ իշխանության աշխարհ: Պատկերացնո՞ւմ եք, այսուհետ ժողովուրդը Ձեզանից է ճանապարհ, դպրոց, հիվանդանոց, թոշակ և անգամ նպաստ պահանջելու: Այլևս դա Ձեր պարտականությունն է: Քննադատելու փոխարեն եկել է աշխատելու ժամանակը: Համաձայն եմ, դա այդքան էլ դյուրին չէ»,– գրել է Սարգսյանը:
Պաշտպանության նախկին նախարարը նշել է, որ ցանկացել է մանրամասն վերլուծել Փաշինյանի ելույթը։
«Բայց կարդալով մեր համաքաղաքացիների մեկնաբանությունները` հասկացա, որ նույնիսկ Ձեզ չի հաջողվելու ժողովրդին մոլորության մեջ գցել Ձեր ճառերով: Ոնց որ քոմմենթներում իրավիճակ է փոխվել.... Մարդկանց պետք են իրական աշխատատեղեր, դրա համար անհրաժեշտ են ներդրումներ, հարգանք նախկինում կատարված ներդրումների և ներդրողների նկատմամբ, թե չէ վիճակն է՛լ ավելի կվատանա և ոչ միայն արտաքին քաղաքականության բնագավառում»,– գրել է Սարգսյանը:
Նա նաև նշել է, որ Փաշինյանին սխալ թվեր են ներկայացրել։
«Ի դեպ, Ձեզ նորից, ինչպես և ԱԺ-ում Ձեր «10 տնտեսական փաստ» ելույթի համար, լրիվ սխալ թվեր էին տվել: Ո՞վ է Ձեր էկոնոմիկայի նախարարը կամ ռեֆերենտը: Հիմա սկսում եմ հասկանալ, թե ինչո՞ւ էիք Դուք միշտ մտածում, որ ռեֆերենտները սուրճ դնողներն են:Հայաստանում աշխատողների և հարկ վճարողների թիվը 350.000 չէ, այլ առնվազն 500.000: Դա` չհաշված գյուղատնտեսությունը, որից Դուք պատրաստվում եք «փրկել» երկիրը»,– գրել է Սարգսյանը:
Նա անդրադարձել է նաև պետական աշխատատեղերի կրճատման թեմային։
«Ի դեպ, Ձեր խորհրդականը վերջերս սպառնում էր կրճատել մոտ 150.000 պետական աշխատատեղ` հույս ունենալով, որ դրանք կտեղափոխվեն մասնավոր հատված: Արդյո՞ք դա արվելու է արտահերթ ընտրություններից առաջ, թե՞ անմիջապես հետո: Կարծում եմ, ճիշտ կլինի նախօրոք ասել, որ պոտենցիալ կրճատվողներն իմանան ո՞նց քվեարկեն դեկտեմբերի 9-ին: Խնդրում եմ, յոթ անգամ չափե՛ք, մեկ անգամ արեք, թե չէ կարող է նորից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն առաջանա»,– նշել է Սարգսյանը:
Նրա ուշադրությունն է գրավել նաև Նիկոլ Փաշինյանի ելույթի այն հատվածը, որում վարչապետի պաշտոնակատարը խոսում է նպաստների մասին։
«Եվ վերջապես, Ձեր այս ելույթում հայտարարում եք, որ կտրելու եք մարդկանց նպաստը, որ գնան աշխատեն: Դա ֆինանսների նախարարությունից առաջարկած կլինեն Ձեզ` փող խնայելու համար: Գիտե՞ք, սովորաբար այդպիսի «բարեփոխումներից» առաջին հերթին տուժում են ամենաանապահովներն, ովքեր աշխատել իրոք չեն կարող: Մի՛ արեք դա, պարզապես մի՛ արեք»,– գրառումը եզրափակել է Սարգսյանը։
Նշենք, որ Փաշինյանը ելույթ է ունեցել Ղազախստանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ Նա, անդրադառնալով Հայաստանում թոշակների ու նպաստների խնդրին, ասել էր, որ 350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 000 մարդու։ Փաշինյանը նշել էր նաև դեռևս պարզ չէ, թե նպաստառուներից քանիսն են իրական կարիքավորները։ «Մարդ կա տանը նստած է, բայց միլիոնատեր է: Քրեական գործերից մենակ մեկով մի փոքր քաղաքում 500 մլն դրամի վնաս է հասցվել բյուջեին»,– ասել էր Փաշինյանը: Նրա խոսքով` մինչև հիմա Հայաստանում տարվել է մարդկանց աշխատանքից հետ պահելու քաղաքականություն, որն իրենք խոստանում են 180 աստիճանով փոխել։