Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են ՄԻԵԴ

Պաշտպանները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են դիմել անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմն անմեղության կանխավարկածի, ինչպես նաև պաշտպանության իրավունքի խախտման հարցով դիմել է ՄԻԵԴ: Sputnik Արմենիային այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը:

«Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա տեղեկացնեմ, որ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի մասով այն փոփոխվել է, սակայն հիմնական փոփոխությունն այն է, որ որոշ դրվագներ պարզապես ավելի մանրամասնեցվել են, սակայն մեղադրանքի էությունը որևէ չափով չի փոփոխվել»,-ասաց նա:

Հիշեցնենք` Քոչարյանը հուլիսին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով։ Նա մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ:

Առաջին ատյանի դատարանը Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը բավարարել էր, իսկ Վերաքննիչ դատարանը նրան ճանաչել է անձեռնմխելի, և Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից: Ավելի ուշ ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: