Սահմանադրական դատարանը հերքում է. որոշումը կլինի ոչ ուշ, քան 3 ամիս հետո

Տեղեկությունը, թե ՍԴ–ն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է Սահմանադրությանը հակասող, չի համապատասխանում իրականությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Տարածված տեղեկատվությունը, թե Սահմանադրական դատարանը Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա հոկտեմբերի 2-ին ընդունված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի փոփոխված դրույթները ճանաչել է սահմանադրությանը հակասող, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Սահմանադրական դատարանի մամլո քարտուղար Մարիաննա Հակոբյանը: 

«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հանրապետության նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան և գտնվում է նախնական ուսումնասիրության փուլում:

Սահմանադրական դատարանը տեղեկացնում է նաև, որ սույն գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան երեք ամիս հետո։ Սահմանադրական դատարանի պատճառաբանված աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել, բայց ոչ ավելի, քան երեք ամսով»,-տեղեկացրել է Հակոբյանը։

Ֆեյսբուքում տարածած հայտարարության մեկնաբանություններում Մարիաննա Հակոբյանը կարծիք է հայտնել, որ տարածված ապատեղեկատվությունը, հավանաբար թյուրըմբռնման հետևանք է: