Արթուր Վանեցյանը Մոսկվայում խոսել է ահաբեկչական բնույթի սպառնալիքների մասին

Հատուկ ծառայությունների պատվիրակությունները Մոսկվայում քննարկել են ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն, գնդապետ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, մասնակցել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության գործընկերներ՝ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների և իրավապահ մարմինների ղեկավարների XVII նիստին, որն անցկացվել է Մոսկվայում։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Իր զեկույցում ԱԱԾ տնօրենն առանձնացրել է ներկա փուլում Հարավային Կովկասի տարածաշրջանում գոյություն ունեցող ահաբեկչական բնույթի սպառնալիքները և ընդգծել դրանք չեզոքացնելու ուղղությամբ հատուկ ծառայությունների գործունեության առաջնահերթությունները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի քան 70 օտարերկրյա պետությունների իրավասու գերատեսչությունների պատվիրակությունները քննարկել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության առավել արդիական հարցերը:

Նիստն անցկացվել է նոյեմբերի 7-8-ը: