ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Ունևոր հատվածը փորձում է բանկային միջոցները տեղաբաշխել անշարժ գույքի մեջ»

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է անշարժ գույքի շուկայում գրանցված գնաճի պատճառը։
Sputnik
Մարգարյան. «Ունևոր հատվածը փորձում է բանկային միջոցները տեղաբաշխել անշարժ գույքի մեջ»

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անշարժ գույքի գները Երևանում 2018թ. սեպտեմբերի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 21.91%-ով։

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով Հայաստանում անշարժ գույքի գների բարձրացման միտումները, չբացառեց, որ այն կարող է կապված լինել ներգաղթի նկատմամբ դրական սպասումներով։ Տնտեսագետը չբացառեց նաև, որ աշխուժացումը պայմանավորված է բանկային ոլորտում տեղի ունեցող պրոցեսներով, հիփոթեքային վարկի պայմանների բարելավմամբ կամ բանկերում պահված միջոցներն արագ թաքցնելու ձգտմամբ։

«Հասարակության ունևոր հատվածը փորձում է իր միջոցները հետ քաշել բանկային ոլորտից և անշարժ գույքի մեջ տեղաբաշխել»,– ասաց Մարգարյանը։

Մարգարյանի խոսքով` եթե մայրաքաղաքի կենտրոնում դրանց գինը մեկ տարվա ընթացքում աճել է երկնիշ թվով, ապա մարզերում` միջինը 5-7 տոկոսով, որոշ մարզերում ավելի քիչ։