ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի — Sputnik. Ավարտվել են ռեժիսոր Նիկոլայ Սարգիսովի Embattled աշխատանքային անվանումով ֆիլմի նկարահանումները։ Այդ մասին Facebook–ի իր էջում հայտնել է «Բլից Ֆիլմ» կինոընկերությունը։
Նշվում է, որ կինոնկարի նկարահանումները տևել են մոտ մեկուկես ամիս ԱՄՆ–ի Ալաբամա նահանգում։
Ֆիլմը Նիկոլայ Սարգիսովի հոլիվուդյան դեբյուտն է։ Գլխավոր դերում հանդես է եկել Սթիվեն Դորֆը, որը հայտնի է «Բլեյդ», «Ջոնի Դ» ֆիլմերում խաղացած դերերով, ինչպես նաև նկարահանվել է «Իսկական դետեկտիվ» սերիալի երրորդ սեզոնում։
Ֆիլմը նկարվել է սպորտային դրամայի ժանրում։ Կինոնկարը պատմում է խոստումնալից ձյուդոիստի և նրա բռնակալ հոր` անցյալում UFC չեմպիոնի դիմակայության մասին։
Նկարահանումներին մասնակցել են խառը մարտարվեստների մի քանի աստղեր, այդ թվում` կիսամիջին քաշային կարգում UFC չեմպիոն Թայրոն Վուդլին, ինչպես նաև Դոնալդ Սերոնեն, Էրիկ Անդերսը և Քենի Ֆլորիանը։
Սցենարը գրել է հոլիվուդյան հայտնի սցենարիստ Դևիդ ՄաքՔենան («Ամերիկյան X պատմություն», «Վերացնել Քարտերին», «Կոկաին»)։
Ֆիլմի պրոդյուսերներն են Նիկոլայը, նրա հայրը` հայտնի միլիարդատեր Սերգեյ Սարգիսովը, Քեյթ Քոենը, ինչպես նաև Սքոտ ԼաՍտաիտին և Ստիվեն Դորֆը։