Ռուբեն Գյուլմիսարյան, Sputnik Արմենիա
Երբ քեզ ընդամենը մոտ տասը օր են տալիս համապետական ընտրություններին նախապատրաստվելու համար, արդեն, հայտնի ռուսական երգի համաձայն, վայրկյանների մասին վերևից չես դատում (Не думать о секундах свысока)։ Ընդ որում` կարևոր չէ, թե ով ես դու` կուսակցության ղեկավար, որի համար նման հնարավորություն սովորաբար մի քանի տարին մեկ է ստեղծվում, թե հասարակ ընտրող, որը ընտրությունների ժամանակ մի փոքր տհաճ «ընտրազանգված» բառով բնութագրվող մեծ ընդհանրության մի մաս է դառնում։
Այնուամենայնիվ ընտրական իրավունքի հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը հիշեցնում է, որ մեզ համար սովորական են դարձել նման սպրինտերային վազքերը. 1988 թվականին, ասում է նա, նախընտրական քարոզարշավի համար ավելի քիչ ժամանակ էր տրված։ Այդ փաստի գիտակցումից, սակայն, ավելի հեշտ չէ ոչ կուսակցություններին և դաշինքներին, ոչ էլ այն նույն «ընտրազանգվածին»։
Նման պայմաններում քաղաքական ուժերը երեք տարբեր իրավիճակներում են գտնվում։ Ինչպես միշտ Հայաստանում՝ ընտրությունների հաղթողը կանխորոշված է, և այն կուսակցությունները, որոնք կհաղթեն, կարող են հանգիստ ապրել և քարոզչություն իրականացնել զուտ ձևի համար։ Կարելի է ասել, որ միայն մի փոքր աշխուժություն մտցրեց լուրն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիրը» իր ապագա լիակատար կառավարումը որոշեց, չգիտես ինչու, կիսել անսպասելիորեն ուժեղ թեկնածուի կամ հաղթանակի հավակնորդի կարգավիճակում հայտնված «Առաքելություն» կուսակցության հետ։
Այս կուսակցության ստեղծման մասին հայտարարել էին 2012 թվականին, հաջորդ տարի այն գրանցվեց, և այդ օրվանից իրեն որևէ կերպ չի դրսևորել։ Ինչով է պայմանավորված ակնհայտ ֆավորիտի և քիչ հայտնի կառույցի նման դաշինքը, դեռ այդքան էլ հասկանալի չէ։
Մյուս քաղաքական ուժերը կամ դեռ անորոշության մեջ են, կամ արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու ընտրություններին։ Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կուսակցությունն այնպես է որոշում, ինչպես իրեն հարմար և շահավետ է ներկա պահին, և քննարկել, օրինակ, հրաժարվածների նկատառումները, կարևոր չի թվում։
Ատոմ Մխիթարյանը նշում է, որ մեծ է հավանականությունը, որ ներկայիս ընտրական օրենսդրության պարագայում, մարդիկ կրկին գնալու են քվեարկելու առանձին անձի համար, որն այսօր հասարակության մեջ կամ նրա առանձին հատվածներում մեծ ճանաչում ունի։ Փորձագետը (և նրա հետ պետք է համաձայնել) այդքան էլ նորմալ չի համարում այն, որ մարդը գնում է ընտրությունների, վերցնում քվեաթերթիկը, իսկ քվեաթերթիկում նշված է նրա հարևանի, բարեկամի, կամ գործատուի անունը։ Դե փորձիր նման պայմաններում քվեարկել այնպես, ինչպես ճիշտ ես համարում, այլ ոչ թե այնպես, ինչպես հարկ է՝ ելնելով որոշակի նկատառումներից։
Օրինակ, Վազգեն Մանուկյանն իր «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությամբ ընդհանրապես հրաժարվել է մասնակցել ընտրություններին։
«Ցավով արձանագրում ենք, որ անսպասելիորեն և մեր կարծիքով՝ պետական և ազգային շահով չհիմնավորված որոշում ընդունվեց արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել ոչ թե 2019-ի գարնանը, այլ այս տարվա դեկտեմբերին: Մենք, ինչպես և մի շարք այլ կուսակցութուններ, պատրաստ չենք և չենք ցանկանում մասնակցել մեզ պարտադրված խաղին: Նաև չենք կարծում, որ շուտափույթ անցկացվելիք այս ընտրությունները նպաստելու են Հայաստանում կայուն քաղաքական դաշտի ապահովմանը: Այս իրավիճակում հասարակությանը հնարավորություն չի տրվում ընտրություն կատարելու գաղափարների և ծրագրերի միջև, մասնակցելու մեր պետության, հասարակության ապագայի տեսլականի ձևավորմանը», – գրված է Մանուկյանի տարածած հայտարարության մեջ։
Իսկ քաղաքական դաշտի վետերան Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորումը» ընտրություններին կմասնակցի, անկախ դրանց «հակաժողովրդավարական բնույթի»։ Սակայն անձամբ նա ընտրություններին մասնակցել չի պատրաստվում, նույն պատճառներով։ Մի փոքր անսովոր է, որ պարոն Հայրիկյանն այս անգամ տեղի ունեցող իրադարձություններում իր մշտական թշնամու` «ՊԱԿ–ի դավեր» չի տեսել, սակայն կարծես իրավիճակն իսկապես փոխվել է։
Սակայն սրանք այն կուսակցություններն են, որոնք նախկին ընտրություններին ևս ձայների մեծ տոկոս չէին ստանում։ Իսկ ի՞նչ անեն ընտրողները։
Ատոմ Մխիթարյանը նշում է, որ թեև նախընտրական քարոզարշավի համար քիչ ժամանակ է հատկացրած, այս ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ այժմ ընտրողների մեծ մասը, ըստ ամենայնի, կողմնորոշվել են, թե ում օգտին են քվեարկելու։
Մնում է քվեարկության կանոնները մի լավ ուսումնասիրել, սխալմամբ դրանք չխախտելու համար և ճիշտ քվեարկել, և առիթ չտալ օգտագործել սեփական ձայնը տարատեսակ խաբեություններում։
Թեև հանուն արդարության պետք է նշել, որ այս անգամ խաբեություններն ու մեքենայությունները, կարծես թե բացառված են։