Հայկական կողմը տապալել է Աստանայի գագաթնաժողովին Ալիևի մասնակցությունը. ԶԼՄ

ՀԱՊԿ գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցության գաղափարին կողմ են եղել Ղազախստանի և Բելառուսի նախագահները. աղբյուրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Հայկական կողմը հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Աստանայի ՀԱՊԿ գագաթնաժողովին հրավիրելու գաղափարի դեմ։ Այդ մասին գրում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականը։ 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը վերջնականապես կորոշվի Սանկտ Պետերբուրգում

Լրատվամիջոցի զրուցակիցները, որոնք մասնակցել են նիստը նախապատրաստելուն, հաղորդել են, որ ՀԱՊԿ–ում քննարկվել է գագաթնաժողովին Ալիևին որպես հյուր հրավիրելու գաղափարը։

Մասնավորապես, այդ գաղափարն արտահայտել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և աջակցել են որոշ առաջնորդներ, այդ թվում` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Նշվում է, որ Ալիևը պատրաստ է եղել այցելել Աստանա, բայց այդ գաղափարին դեմ է եղել հայկական կողմը։

«Կազմակերպության մեջ չմտնող երկրների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, եթե դրա հետ համաձայն են կազմակերպության բոլոր անդամները», – ասել է թերթի զրուցակիցը։ Նրա խոսքով` այդ դեպքում փոխզիջում չի եղել։

Ալիևին Աստանա հրավիրելու գաղափարը մեկնաբանելու խնդրանքին Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը պատասխանել է. «Մենք նման տեղեկություն չունենք»։

ՀԱՊԿ–ի մեջ մտնում են վեց երկրներ` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

Նոյեմբերի 8–ին սկսված գաղաթնաժողովում ՀԱՊԿ անդամ երկրներն այլ հարցերի շարքում քննարկում են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը։ Պաշտոնը թափուր է Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի հրաժարականից հետո, որի դեմ Հայաստանում քրեական գործ է հարուցվել։ Երևանում նախօրոք հայտարարել են, որ կձգտեն պահպանել պաշտոնը մինչև 2020թ–ը, ինչպես սահմանված է կանոնակարգով։