ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Յուրի Խաչատուրովը նոյեմբերի 4-ից Հայաստանում է։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Ամսի 2-ին, երբ երեկոյան հրապարակվեց ազատելու որոշումը, նա միանգամից իրականացրել է պարտականությունների հանձնումը և ամսի 4-ից Հայաստանում է։ Վրաստանի Հանրապետություն է այցելել ` ծնողների շիրմաքարին, միջոցառում ուներ Մոսկվայում, մասնակցել է և այնտեղից միանգամից վերադարձել Հայաստան»,– ասաց Պողոսյանը։
Փաստաբանը հայտնեց նաև, որ մինչ այս պահը Խաչատուրովի հետ քննչական գործողություն չի իրականացվել։
«Քրեական գործի ընթացքից է կախված` գործողություններ կիրականացվեն, թե ոչ, բայց քննչական մարմիններից որևէ զանգ չի եղել։ Խուսափելու և թաքնվելու խնդիր չկար, մինչ այդ էլ կարող էին կանչել։ Դրա հետ կապված որևէ խոչընդոտ չկար»,– ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում 3 տարի ժամկետով նշանակված Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի լիազորությունները դադարեցվել էին նոյեմբերի 2-ին` նրան քրեական գործով առաջադրված մեղադրանքի հիմքով։
Դավիթ Տոնոյանը դեմ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը զիջելուն
Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության նիստում նախատեսվում է ՀԱՊԿ նոր ղեկավարի նշանակումը։