Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանին Հնդկաստանի 4 քաղաքացու են ձերբակալել

Սահմանախախտները պատրաստվում էին Հայաստանի ու Թուրքիայի միջոցով հասնել Եվրամիության երկրներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ռուս սահմանապահները նոյեմբերի 7-ին կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Այս մասին հայտնում է Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Ովքե՞ր են խախտում Հայաստանի սահմանը և ի՞նչ անել նրանց հետ. պարզաբանում է ԱԱԾ–ն

Հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 7-ին Արմավիրի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի պահին ձերբակալել են 4 անձի, որոնց մոտ փաստաթղթեր չեն եղել:

Նախնական տվյալներով սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր՝ անձնական իրերով և գումարով:

Սահմանախախտներն ասել են, որ կյանքի լավագույն պայմանների որոնման նպատակով Հայաստան են եկել, որպեսզի հետագայում Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով հասնեն ԵՄ անդամ երկրներ: