Ո՞ւմ հաշվին էր նախարարի պաշտոնակատարը մեկնել Փարիզ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը մեկնաբանել է իր փարիզյան ուղևորության շուրջ բարձրացած կոռուպցիոն սկանդալը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի ներկայիս պաշտոնակատար, իսկ Փարիզ մեկնելու պահին դեռ վարչության պետ Գարեգին Բաղրամյանի ուղևորությունը ֆինանսավորել է ոչ թե «Վեոլիա ջուր» ընկերությունը, այլ ընկերության մայր գրասենյակը՝ ֆրանսիական «Ջեներալ դեզո» ընկերությունը։ Այս մասին այսօր Բաղրամյանը հայտնեց լրագրողներին` մեկնաբանելով այս ուղևորության փաստով հարուցված քրեական գործում իր մասնակցությունը։

«Դա ընդհանուր ընդունված մոտեցում է բոլոր այն երկրներում, որտեղ «Վեոլիան» ներկայանում է: Նա հնարավորություն է տալիս բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցել փորձի փոխանակմանը: Այդ ծրագրով նաև եղել են լրագրողներ և հասարակական կազմակերպություններ: Դա կապել սակագնի բարձրացման հետ, կարող եք օրենսդրությունն ուսումնասիրել, ենթաօրենսդրական ակտերը և կտեսնեք, որ սակագնի ձևավորման մեջ մարդկային գործոնը գրեթե զրոյացված է»,– ասաց նա։

Բաղրամյանը նաև շեշտեց, որ որպես վարչության պետ` ինքը մասնակից չի եղել սակագնի հաստատմանը, և, որ որոշում կայացնողները հանձնաժողովի 5 անդամներն են, որոնցից միայն 2-ն են նույն խմբի հետ մեկնել Փարիզ։ Բացի այդ եղել են 8 վարչության պետեր։ Բաղրամյանը հերքեց տեղեկություններն այն մասին, որ նրանց հետ ֆրանսիական կողմի փողերով Փարիզ են մեկնել նաև ընտանիքի անդամները: Նրա խոսքով` ֆրանսիական ընկերությունը վճարել է խմբի անդամների ավիատոմսերի ու հյուրանոցային ծախսերը:

Սենսացիոն բացահայտում. «գլխավոր դերերում» են «Վեոլիա ջուրն» ու Ռոբերտ Նազարյանը

Հիշեցնենք` Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ՀԾԿՀ անդամներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ջրի սակագնի հայտը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ, «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն և գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի և ՀԾԿՀ ևս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել և տրամադրել են Երևան-Փարիզ-Երևան ուղղությամբ, ընդհանուր 4,239,235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են ևս 8.359.133 դրամին համարժեք՝ 15.338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12,598,368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017 թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, այն վարում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։