ՀՀԿ-ն ընդունում է, որ սխալներ է արել. Սարգսյանը` թշնամու կերպար կերտելու մասին

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը գիտի, թե ինչու է ՀՀԿ–ն սխալներ թույլ տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը։

«Մեզ հաճախ են ասում. «բա լա՞վ էր, որ ձեր ժամանակ…»:ՀՀԿ-ն, անշուշտ, ունեցել է իր սխալները: Չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում: Նաև այդ սխալների պատճառով է, որ ժամկետից շուտ իշխանությունը հանձնել ենք բողոքի դուրս եկած մարդկանց մատնանշած թեկնածուին: Բայց արդյո՞ք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը: Վստահ եմ, որ ո՛չ»,– նշել է նա:

Ըստ Սարգսյանի` այլապես ապագայի կառավարություններն ամեն գնով կկառչեն իշխանությունից` հիշելով և հիշեցնելով ՀՀԿ–ի օրինակը, համարելով, որ իշխանափոխությունն ինքնասպանություն է, կենաց-մահու կռիվ, այլ ոչ թե բնականոն գործընթաց: