Հանքարդյունաբերողները սկսել են վճարել. որքա՞ն գումար են վերադարձրել պետությանը

Հանքարդյունաբերողները սկսել են վերադարձնել չկատարված պարտավորությունները։ Դատախազությունը հաշվել է վճարված գումարն ու մնացած պարտքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 1-ի դրությամբ ընդերքօգտագործողները կատարել են պետության և համայնքների նկատմամբ չկատարված 963 միլիոն ՀՀ դրամ պարտավորություններից 300 միլիոնը։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

«Քեթրինի Միհրանի» անվան հետ կապվող ընկերությունները միլիոններ են վճարել պետբյուջե

Մնացած չվճարված գումարը նրանք պարտավորվել են վերադարձնել մաս-մաս՝ կազմած ժամանակացույցին համապատասխան:

Դատախազության հաղորդագրության համաձայն` վերականգնված 300 մլն դրամից շուրջ 80 միլիոնը ռեկուլտիվացիոն վճարներն են, 31 միլիոնը` պետտուրքը, 183 միլիոնը` համայնքներում կատարված ներդրումները:

Հիշեցնենք` այս ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել էր, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի, պետական տուրքի գծով թվով 123 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 160 միլիոն դրամի չափով պարտավորություն: Բացի այդ պարզվել էր, որ 417 ընդերքօգտագործող չի կատարել համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելու գծով ընդհանուր շուրջ 280 միլիոն ՀՀ դրամի չափով պարտավորություն:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել էր ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավոր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել քայլեր ընդերքօգտագործողների կողմից վճարումների կատարումն ապահովելու ուղղությամբ: