Իրանական գազը պետք է առնվազն 10 տոկոսով էժան լինի ռուսականից. «Գազպրոմ Արմենիա»

Ռուսական գազի ջերմատվությունն ավելի բարձր է, քան իրանականի։ Հրանտ Թադևոսյանի խոսքով` դա չի կարելի հաշվի չառնել գները համեմատելիս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի — Sputnik. Իրանական գազը պետք է առնվազն 10 տոկոսով էժան լինի ռուսականից, որպեսզի գնելը ձեռնտու լինի։ Այսօր գազի և էլեկտրականության գնագոյացման հարցերով պատգամավորական հանձնաժողովի ժամանակավոր նիստում այս մասին ասաց «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը։

Գազի գնի շուրջ բանակցությունները շարունակվում են. Բաղրամյան

Պատճառն այն է, որ Իրանից ստացվող գազի հազար խորանարդ մետրի ջերմատվությունը 7900 կկալ է, իսկ ռուսական գազինը` 8200 կկալ–ից ոչ պակաս։ Այսինքն այն այրելիս ավելի շատ ջերմություն է առաջանում։

«Ուստի եթե ռուսական գազն արժե 1000 խմ համար 150 դոլար, ապա իրանականը այլ հավասար պայմանների դեպքում պետք է արժենա 135, որպեսզի այն նույնքան շահավետ լինի», – ասաց Թադևոսյանը։

Իրանը կառաջարկի՞ նման գին։ Ըստ նրա` այդ հարցը կախված է կառավարական մակարդակով բանակցություններից։

Հիշեցնենք, որ հայ–ռուսական համաձայնագրերի համաձայն` գազի համար բազային կալորիականությունը 1000 խմ համար 7900 կկալ է։ Եթե կալորիականությունն ավելի բարձր լինի, սակագնին պետք է ավելացնել հավելյալ գործակից։ Հայաստանի համար այդ կանոնը ժամանակավորապես չի գործում, բայց միայն մինչև 2018թ–ի ավարտը։ Բանակցություններից է կախված` հնարավոր կլինի՞ ազատվել կանոնից, թե՞ նոր հետաձգում կլինի։

Հայաստանն ու Ռուսաստանը գազի մատակարարումները կհաշվեն ռուբլո՞վ

Հայաստանն Իրանից գազ է ստանում խողովակաշարով սահմանից մինչև Արարատ քաղաք։

Այդ գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար Հայաստանն Իրանին տալիս է երեքական կիլովատ ժամ էլեկտրականություն, որն արտադրվում է երկու ջերմային կայաններում` Երևան ՋԷԿ և «Հրազդան 5» ՋԷԿ։

Ներկա պահին Հայաստանի կառավարությունը 2018թ–ից հետո հետ գազի գնի մասին բանակցություններ է անցկացնում ռուս գործընկերների հետ։