Աշոտյանը բաց է թողել ժամանակը. փոխվարչապետ

Կառավարությանը դուր չեկավ Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Spuutnik. ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը կառավարությանն է ներկայացրել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում փոփոխություններ իրականացնելու առաջարկ: Հանրապետական պատգամավորի առաջարկն այսօր`նոյեմբերի 8-ին, կառավարության նիստում ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նիկոլ Փաշինյանը հատուկ ինքնաթիռով կմեկնի Փարիզ

Աշոտյանն առաջարկում է վարչապետին սպասարկող հատուկ ինքնաթիռից այլ պաշտոնյաների օգտվելու որոշումն այսուհետ ընդունել կառավարության որոշմամբ, կառավարության որոշմամբ ներկայացվեն նաև դրա համար հատկացվող պետական միջոցները: Պատգամավորն այս առաջարկը հիմնավորում է անվտանգության և պետական միջոցների օգտագործման թափանցիկությամբ:

«Կառավարությունը գտնում է,որ այս փոփոխությունները նպատակահարմար չեն այն պատճառաբանությամբ, որ դա խնդիր կարող է առաջացնել անվտանգության տեսակետից, և վարչապետին կցված ինքնաթիռի սպասարկման կարգը ճիշտ կլինի, որ հաստատի վարչապետը»,- ասաց Զեյնալյանը` առաջարկելով բացասական եզրակացություն տալ նախագծին:

Նիստը վարող առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելեց, որ Աշոտյանը բազում տարիներ ուներ այս շտկումն առաջարկելու և թափանցիկությունն ապահովելու համար, բայց բաց է թողել այդ հնարավորությունը։

Արմեն Աշոտյանի օրենսդրական նախաձեռնությունն արժանացավ կառավարության բացասական եզրակացությանը: