Մոսկվայում խենթի տեղ կդնեն, իսկ Երևանում` ոչ. ի՞նչն է Հայաստանում գրավել ռուսաստանցի շեֆին

Հայկական հյուրընկալությունը, «քարերի սիմֆոնիան» ու ազգային խոհանոցը պարզապես ցնցել են «Մատրյոշկա» ռեստորանի շեֆ խոհարար Վլադ Պիսկունովին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Միայն Երևանի ջազ ակումբում է հնարավոր պատվիրել ավանդական հայկական ուտեստներ` տոլմա կամ ավելուկով ապուր, Մոսկվայում նման բան պարզապես հնարավոր չէ, իսկ այն մարդուն, որը կուզենա նմանատիպ վայրում պելմենի ուտել, խելագարի տեղ կդնեն։

Սա «Մատրյոշկա» ռեստորանի շեֆ խոհարար Վլադ Պիսկունովի դիտարկումն է։

Նա Հայաստան է եկել Yerevan Food Fest փառատոնի շրջանակում, մասնակցել է «չորս ձեռքով ընթրիքին» ու բազում համեղ ուտեստներ պատրաստել հայ շեֆի հետ։

Բլղուր ու քարերի սիմֆոնիա

«Փառատոնն ինձ համար նախևառաջ Հայաստանը տեսնելու, հայկական խոհարարական առանձնահատկություններին ծանոթանալու հնարավորություն էր։ Առաջին անգամ եմ այստեղ, հաճույքով համաձայնեցի մասնակցել փառատոնին», – ասաց Պիսկունովը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ի՞նչ է կարելի պատրաստել հայկական մթերքից. հիանալի առաջարկ խոհարարներից. տեսանյութ

Վլադն առաջին անգամ խաշ է կերել Հայաստանում ու շատ է հավանել, թեև նրան նախապես վախեցրել են սխտորով։

Մոսկվացի շեֆը շատ է հավանել բլղուրը և որոշել է ռուսական խոհանոցի ուտեստներ պատրաստելիս անպայման բլղուր օգտագործել։

«Հավանեցի նաև կարմրախայտը։ Ձկան այդ տեսակը Մոսկվայում եփում եմ ծովաբողկի տերևներով։ Այստեղ համտեսեցի ու հասկացա` ինչ որակի պետք է լինի կարմրախայտը, հիմա բարձրացնելու եմ նշաձողը», – ասաց Պիսկունովը։

Նա նաև այցելել է Հայաստանի տեսարժան վայրեր։ Մոսկվացի հյուրին ամենաշատը տպավորել է «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը։

Պիսկունովի խոսքով` դա ամենագեղեցիկ բանն է, որ տեսել է Հայաստանում։ Մեր երկրից հեռանալիս նա չի մոռանա նաև հայկական հյուրընկալությունը։

«Հայաստանում առաջին հերթին ցնցում է հյուրընկալությունը։ Այստեղ քեզ բառացիորեն գերում են հյուրընկալությամբ», – ասաց Վլադը։

Հայկական ռեստորանները Ռուսաստանում

Պիսկունովն ասաց, որ ավանդական հայկական ռեստորանները Ռուսաստանում զիջում են վրացականին կամ ռուսականին։

Նա նշեց, որ այսօր Ռուսաստանում վրացական խոհանոցի ռեստորանների բում է, որովհետև վրացիներն իրենց ռեստորանները հարմարեցնում են ռուսաստանցիներին։

Լավաշով աղանդե՞ր. հայկական մթերքը վերածվել է խոհարարական գլուխգործոցների. լուսանկարներ

«Մոսկվայում հայկական ռեստորանների վիճակը վատ է։ Հայկական ռեստորաններ կան, բայց մի քանի անգամ զիջում են վրացականներին։ Խնդիրն այն է, որ դրանց մեծ մասը հայկական սփյուռքի համար են նախատեսված, իսկ վրացականները` լայն զանգվածների», – պարզաբանեց շեֆ խոհարարը։

Նա ընդգծեց` քանի դեռ հայկական ռեստորանները միայն հայերի համար են, դրանք նույն մակարդակում կմնան։ Պիսկունովը խորհուրդ է տալիս հայկական ռեստորան բացելիս այնպես մատուցել հայկական խոհանոցը, որ մոսկվացիներին էլ դուր գա։

Հիշեցնենք` Yerevan Food Fest–ը Հայաստանում անցկացվեց նոյեմբերի 2–ից 6–ը։ Sputnik Արմենիան փառատոնի տեղեկատվական հովանավորն էր։