ՀՀԿ–ն «ձեռքերը լվանալու» իրավունք չունի. Սարգսյանը գրառում է արել Facebook–ում

Պաշտպանության նախկին նախարարը համոզված է, որ ընդդիմություն լինելը սխալների համար ապաշխարելու հնարավորություն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վիգեն Սարգսյանը։

«Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով»,– գրել է նա:

Ըստ Սարգսյանի` երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։