Հայաստանում ուզում են մինչև 2025թ–ը վերացնել տուբերկուլյոզը

Որքան քիչ լինեն հիվանդները, այնքան քիչ կլինեն դիսպանսերները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում ցանկանում են մինչև 2025թ–ը վերացնել տուբերկուլյոզը։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը։

Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների թիվը նվազել է ու շարունակում է նվազել: Ինչպես նշեց Թորոսյանը, ներմարզային ստացիոնար տուբբաժանմունքները մատնված են պարապուրդի. կա տուբերկուլոզով մեկ հիվանդ, որոնց համար բաժանմունք պահելն անիմաստ է։

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ նախատեսվում է պահել հակատուբերկուլոզային մեկ կենտրոն, որը գտնվում է Աբովյան քաղաքում:

«Այնտեղ մենք ունենք նաև թերբեռնված մահճակալներ: Մենք մտածում ենք վերափոխել այն թոքային հիվանդությունների կենտրոնի, որովհետև մեր նպատակը տուբերկուլյոզը մինչև 2025 թվականը Հայաստանում վերացնելն է»,- եզրափակեց Թորոսյանը:

2017թ–ին Հայաստանում գրանցվել է տուբերկուլյոզի 195 նոր դեպք։ Այդ ցուցանիշը 14 տոկոսով ավելի քիչ է, քան 2016թ–ին։ 2017թ–ի տվյալներով` Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդացությունը յուրաքանչյուր 100 հազարից կազմել է 23,1։ Այդ ցուցանիշը 2016թ–ին ավելի բարձր է եղել և կազմել 100 հազարից 27,4։ 2017թ–ին տուբերկուլյոզից մահացել է 55 մարդ։