Կոտայքում կառաջադրվեն Սասուն Միքայելյանն ու մարզպետը

Կոտայքի մարզպետը 5 ամսվա ընթացքում Ծառուկյանի կողմից որևէ խոչընդոտի չի հանդիպել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվեն մարզպետն ու Սասուն Միքայելյանը: Այսօր` նոյեմբերի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

Նա չբացառեց, որ նույն կուսակցությունից կարող են առաջադրվել ևս 3 թեկնածու, բայց այս պահին հայտնի են միայն իրենք` երկուսը:

Կոտայքում կառաջադրվեն Սասուն Միքայելյանն ու մարզպետը

«Երկուսս հստակ առաջադրվելու ենք: Մյուսների մասով վարչությունը դեռ պետք է որոշում կայացնի»,- ասաց Պետրոսյանը:

Կոտայքի մարզում ԲՀԿ-ի և կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեծ ազդեցության մասին հարցին ի պատասխան մարզպետն ասաց. «Շուրջ 5 ամիս է՝ ես պաշտոնավարում եմ Կոտայքի մարզպետի պաշտոնում, և անընդհատ ինձ այդ հարցն ուղղում են: Բայց ես ձեզ պաշտոնապես ասում եմ, որ 5 ամիսների ընթացքում իմ լիազորություններն իրացնելիս որևէ խոչընդոտի, որևէ կաշկանդումի, որևէ միջամտության փորձ նշված քաղաքական ուժի կամ գործչի կողմից չի եղել մեր մարզում»:

Պետրոսյանը Կոտայքի մարզում ռեյտինգային թեկնածուների միջև առողջ մրցակցություն է կանխատեսում` միաժամանակ հայտարարելով, որ մարզի պետական որևէ հիմնարկի, մասնավորապես`դպրոցի տնօրեն կամ աշխատակից չի ներգրավվի ընտրական գործընթացում:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։