ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ վաղ թե ուշ պետք է հարկային հայտարարագիր ներկայացնի։ Այդ մասին լրագրողներին ասաց Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
Նրա խոսքով` դա թույլ կտա հարկեր գանձել նաև այն եկամուտներից, որոնք հիմա չեն երևում։
Հարկային ծառայության նոր առաջարկի համաձայն` անձը հաստատող փաստաթուղթը (ID քարտերը, որոնք փոխարինում են անձնագրին) հնարավոր կլինի վերածել կուտակային քարտերի։
«Տարվա ընթացքում ինչքան գնումներ կատարենք, դրա առաջին տարվա համար 1 տոկոս կվերադարձնենք, 2-րդ տարին՝ 2 տոկոս, 3-րդ տարին՝ 3 տոկոս: Բայց պետք է ամեն ինչի մեջ խելամտություն լինի, այսինքն, պետք է ընտրենք այն օպտիմալ տոկոսադրույքը, որը կլինի նվազագույնը»,- նշեց Անանյանը:
Այդ դեպքում քաղաքացիները կսկսեն մանրածախ առևտուր անելիս պահանջել, որ գործարքը գրանցվի (ՀԴՄ կտրոնով), որովհետև այսօրվա 1 կտրոնը տարեվերջին կարող է մեկ կիլոգրամ պանիր կամ 1 տուփ ձու «դառնալ»։ Իսկ հարկային ծառայությունը կարող է տեսնել խանութների և ռեստորանների իրական շրջանառությունը և ադեկվատ հարկեր գանձել։
Առայժմ քննարկվում է` գնումներից վերադարձ կլինի, թե ոչ։ Բայց, ինչպես նշեց Անանյանը, նույնիսկ եթե չլինի, ամեն դեպքում յուրաքանչյուրը պետք է հարկերի մասին հայտարարագիր ներկայացնի։
Նշանակո՞ւմ է արդյոք, որ հարկայինը քաղաքացիների ծախսերի միջոցով հետևելու է եկամուտներին և որսալու է «թաքնված միլիոնատերերին»։ Առայժմ նման հարց չի քննարկվում, բայց ապագայում իրավիճակը կարող է փոխվել։
«Եթե մենք տեսնում ենք, որ մարդը ստանում է, օրինակ, տարեկան մեկ միլիոն դրամ, բայց ծախսում է հինգը, մենք տրամաբանական հարց կտանք` ուրիշ ի՞նչ եկամուտներ եք ստանում։ Մեկ այլ բան է, որ ոմանք ցանկանում են թաքցնել իրենց եկամուտները։ Որպես մարդ` ես դա հասկանում եմ, որպես հարկային ադմինիստրատոր` վճռականորեն չեմ ընդունում», – ասաց նա։