ՀԷԿ-երին պարտադրել են ջրաչափեր տեղադրել. պատժելու մասին առայժմ չեն խոսում

Հայաստանում գործող ՀԷԿ-երի 90 տոկոսն աշխատում է խախտումով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ՀԷԿ-երին պարտադրել են ջրաչափեր տեղադրել: 152 ՀԷԿ-եր նախազգուշացվել են ջրաչափեր դնելու օրենսդրական պահանջի չկատարման դեպքում սպասվող իրավական գործընթացների մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:

Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում խախտումներ են հայտնաբերվել:

«Մենք տվել ենք տեղեկություն, որ այս պահանջը խախտվել է, և այն պետք է կատարվի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը` հավելելով, որ նշված ՀԷԿ-երի աշխատանքը կասեցված չէ, դրանք շարունակում են աշխատել: Իսկ այդ ընթացքում բնապահպանության նախարարությունում համեմատում են ՀԷԿ-երի արտադրած էլեկտրաէներգիայի ծավալն ու օգտագործած ջրի ծավալը` բացահայտելու համար ապօրինի օգտագործված ջրի ծավալները:

«Բազմաթիվ ՀԷԿ-երի մասով ունենք ավել արտադրված էլեկտրաէներգիա, ինչը ենթադրում է նաև ավել ջրառ: Այդ տեղեկատվությունն ամեն ամիս մենք տրամադրում ենք տեսչական մարմնին»,- ասաց Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է պատժի հնարավոր միջոցներին, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ նախարարությունը նման գործառույթ չունի, բայց զգուշացումից հետո սահմանված դեպքում խախտումները չվերացնելու դեպքում փաստերը կներկայացվեն համապատասխան մարմիններին: Թե ում են պատկանում խախտումներով աշխատող ՀԷԿ-երը, Գրիգորյանը չբացահայտեց, բայց հավաստիացրեց, որ դրանց սեփականատերերի անունները որևէ նշանակություն չունեն: