Ադրբեջանցի կնոջը ձերբակալել են Անգլիայում. նա միլիոններ է ծախսել Harrods–ում

Լոնդոնի դատարանը որոշել է ձերբակալել նախկին բանկիրի կնոջը, և այդ որոշման համար հիմք են դարձել ճոխ գնումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի — Sputnik. Լոնդոնում ձերբակալել են Ադրբեջանի ինտերնացիոնալ բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիևի կնոջը` Զամիրա Հաջիևային, նրան մեղադրում են փողերի լվացման մեջ։ Այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ–ները։​

​Զամիրա Հաջիևայի հետ կապված հարցեր են ծագել այն ժամանակ, երբ նա Harrods ունիվերմագում մոտ 16 մլն ֆունտ է ծախսել և ավելի քան 20 մլն ֆունտով անշարժ գույք ձեռք բերել Բրիտանիայում։

Հանցագործության դեմ պայքարի ազգային գործակալությունը պահանջել է բացահայտել Զամիրա Հաջիևայի եկամտի աղբյուրները։ Նախկին բանկիրի կնոջից մոտ 400 հազար ֆունտ արժողությամբ ոսկյա իրեր և սառեցված ակտիվներ են առգրավվել։

​Շրջանային ավագ դատավոր Էմմա Արբուտնոտը համաձայնել է 500 հազար ֆունտ գրավի դիմաց ազատ արձակել 55-ամյա Հաջիևային` թույլ տալով պատիժը կրել իր տանը` Նայթսբրիջում (շքեղ թաղամաս Լոնդոնում)։ Սակայն այդ որոշումը բողոքարկել է մեղադրող կողմը, և Հաջիևան ներկա պահին շարունակում է կալանքի տակ մնալ։ Այժմ քննարկվում է նրան Ադրբեջանին հանձնելու հարցը։

Նրա ամուսինը` Ջահանգիր Հաջիևը, երկար տարիներ ղեկավարել է Ադրբեջանի միջազգային բանկը։ 2016 թվականին նրան մեղադրել են խարդախության և զեղծարարության մեջ ու դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Դատարանը նաև պարտավորեցրել է, որ նա 39 մլն դոլար վճարի։