Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Երևանի ճոպանուղին 2004 թվականից ի վեր չի գործում։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է երկու կայարաններ և տեղում ծանոթացել իրավիճակին։
Sputnik

Երևանյան տեսարանով անհավանական գեղեցկության դիտահարթակներ և ընդարձակ սրահներ, որոնք կարծես պարահանդեսային պարերի  համար նախատեսված լինեն։ Մեծությունից և գեղեցկությունից աչքերդ ու երևակայությունդ շաղվում են, բայց...

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Թվում է, թե խոսքը պալատի կամ հանդիսությունների տան մասին է, բայց դրանք պարզապես Երևանի ճոպանուղու կայարաններն են։ Թեև ճոպանուղին ընդամենը 14 տարի չի գործում, այդուհանդերձ դժվար է պատկերացնել, որ ճոպանուղին երբևիցե գոյություն է ունեցել։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Նորքի կայարանն արտաքնապես գրեթե չի փոխվել։ Այցելուներին դիմավորում են ռոմանտիկ ձևով միմյանց վրա խոնարհված գանգրահեր զույգի քարե արձանն ու «Ամառանոցային 66» գրությամբ ցուցանակը։ Շենքի կողային հատվածում լցված ապակիների կտորներն ու «վաճառվում է» գրությամբ հնացած ցուցանակն են հուշում, որ ճոպանուղին չի գործում։ Ներս մտնելը դժվար է։ Բոլոր դռները փակված են մեծ կողպեքներով կամ ամուր զմռսված են։ Հնարավոր է ներս սողոսկել միայն կոտրած փոքրիկ պատուհանի միջով։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Ներսում ամեն ինչ այլ տեսք ունի։ Աչք են զարնում երկրորդ հարկից առաջին հարկ թափվող թղթե ժապավենները։ Հազարավոր տոմսեր են։ Թվում է`  այդպես էլ չտեսնելով գնորդներին` այդ տոմսերը դուրս են պրծել ու ընդառաջ են գնում նրանց։ Դրանցից մի քանիսն արդեն գունաթափվել են և դեղնել փոշու հաստ շերտի տակ, մյուսները դեռ հույսով սպասում են։ Ավելի ուշ գիտակցում ես, որ անտառային գետակի ձայն ես լսում, թեև նման բան այստեղ չպետք է լինի։ Նկուղում խողովակից ջուր է կաթում և հեղեղում ճոպանուղու մեխանիզմը։

Մի հարկ վերև բարձրանալով` կարելի է երկաթե բաց պահարաններ տեսնել. այստեղ ինչ–որ բան են փնտրել։ Կարգավարի սենյակում լույս չկա, բայց երևում է, որ բոլոր սարքավորումները քանդված են, և միայն դագաղ հիշեցնող մի բան է մնացել, որի նշանակությունն այժմ դժվար է պարզել։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ
Մեկ հարկ վերևում ընկղմվում ես միայնության և տխրության մեջ։ Այստեղ ոտքի տակ անդադար ճռռում է հատակը, և հնամաշ իրերի հոտ է գալիս։  Շուրջբոլորը կոտրած սարքավորումներ են, կեղտոտ սպասք, բազմաթիվ հին կոշիկներ, ճղված շապիկներ և կեղտ։ Այս ամենի մեջ տպագրական մեքենա և մեքենավարների համար նախատեսված ամսագիր ենք նկատում, որի վրա իր ստորագրությունն է թողել ոմն Պետրոսյան։ Պատից սողալով ընկնում է աշխարհի քարտեզը, տակը ծանրոցային արկղ է երևում, որը Երևան է ուղարկվել Կրասնոդարից, և որը հավանաբար այդպես էլ հասցեատիրոջը չի հասել։ 2005 թվականի օրացույցի պոկված թերթիկները գեղեցիկ շարվել են կողք կողքի։ Կարծես օրեր լինեն, որոնք գիտակցել են, որ իրենք արդեն անցյալում են և համախմբվել են հիշողությունը չկորցնելու համար։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ
Սենյակի մեջտեղում, աղբակույտի մեջ ծանոթ դեմք է նշմարվում։ Ուշադիր նայում ենք. պատգամավոր Խոսրով Հարությունյանի գունավոր դիմանկարն է,  հավանաբար քաղաքականությունն իսկապես ժամանակներ չի ճանաչում։ Քիչ հեռու վախեցնող «Կապույտ մորուքը կանանց լավագույն աշխարհ էր ուղարկում» վերնագրով թերթից ինքնաշեն ջահ է ընկած։ Սարսափելի է դառնում։ Եվ անմիջապես վախենում եմ զուգարանակոնքի վրա դրված հեռուստացույցը նկարող լուսանկարչին տեսնելով։ Դժվար է հասկանալ ժամանակին այստեղ ապրած մարդու մտքի թռիչքը, սակայն միանշանակ է, որ նա փիլիսոփա է եղել։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ
Մյուս փիլիսոփաները` ավելի երիտասարդ, Հերացի կայարանում են տեղավորվել։ Այստեղ ամեն ինչ երիտասարդությամբ և նրանց խելահեղ ռոմանտիզմով է «շնչում»։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ
Մուտքի մոտ ռոմանտիկ գրություններ և սիրո խոստովանություններ են։ Մեկը նույնիսկ կոչ է թողել` մարդկանց տիեզերական փոշի նվիրելու մասին։ Սակայն ամենաապշեցնողը շենքի տանիքին է։ Բացի յոթ փողոցների խաչմերուկների տեսարանից, այստեղ «Ты прям, как космос - это выше небес. Ты пахнешь, как планета» երգից ցիտատներ են գրված։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Անկախ նրանից, որ ռոմանտիկ երիտասարդը կայարանում տիեզերքի հոտ է զգացել, այստեղ գարշահոտ է տարածված։ Շենքը ծայրահեղ վատ վիճակում է, աստիճանները կիսավեր են, բոլոր մութ անկյուններում աղբ է կուտակված, բայց մթնոլորտը ճնշող չէ։  Միակ բանը, որ սարսափեցնում է, ցաքուցրիվ եղած մանկական խաղալիքներն են և փայտե այրված կահույքի մնացորդները։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Ակամա մտածում ես, որ գուցե այստեղ ընտանիք է ձմեռել։ Որևէ սարքավորում չկա, որը կհիշեցներ, թե այստեղ ճոպանուղի է եղել։ Միայն գունազարդած խցիկն ու աստիճաններով մի քանի ճանապարհներն են վկայում այդ մասին։

Երևանի ճոպանուղու ուրվականը. ամեն ինչ սարսափ երազի է նման. լուսանկարներ

Շենքից դուրս գալու պահին լուսանկարիչը «66» թվով լոտոյի խաղաքար է նկատում և անմիջապես հիշում Ամառանոցային փողոցում գտնվող կայարանի հասցեն։