Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամներին

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամներին՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանի գլխավորությամբ:

Ալիևն ու Փաշինյանն իրար չեն զանգում. Տոնոյանը պատմեց` ինչպես է գործում օպերատիվ կապը

Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին առնչվող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՍԴՀԿ դերը հայապահպանության, Հայաստան-Սփյուռք համագործակցության ամրապնդման գործում և հույս հայտնել, որ ներհայաստանյան քաղաքական իրադարձությունները նոր ազդակ կհաղորդեն Սփյուռքի և սփյուռքահայ քաղաքական կառույցների հետ հարաբերություններին:

ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները և ընդգծել, որ ՍԴՀԿ-ն անվերապահ աջակցում է Նիկոլ Փաշինյանին՝ ժողովրդավարական, իրավական պետության կառուցման, տնտեսության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերի հետագա սերտացման հարցին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանի զարգացման օրակարգում սփյուռքահայության մեծ ներուժի ներգրավման գործուն մեխանիզմների ձևավորումը: ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամները նշել են, որ պատրաստ են ակտիվ համագործակցել ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ: