Հովհաննես Թումանյանի թոռնուհին` Իրմա Ռուբենի Սաֆրազբեկյանը, բնականաբար աչառու կերպով և մեծ հետաքրքրությամբ է վերաբերվել Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տան մասին հոդվածին` վերջերս հրապարակված Sputnik Արմենիայում։ Իրմա Ռուբենովնայի հետ երկար զրույցը բազմաթիվ հետաքրքիր մանրամասներ բացահայտեց, մի շարք շտկումներ մտցրեց, որոնք ուղղակի անհրաժեշտ է անել։
Եթե մանրամասն պատմենք այն մասին, ինչ ասել է Իրմա Սաֆրազբեկյանը, կարելի է հաստափոր գիրք գրել։ Ուստի մենք հիմա կնշենք միայն ընտանիքի, բանաստեղծի սերունդների համար ամենասկզբունքային կետերը` կապված պատմական ճշմարտության, փաստերի և ստույգ մեկնաբանության հետ։
Սկսենք նրանից, որ Թումանյանի Թբիլիսիի տունը, Իրմա Ռուբենովնայի խոսքով, կոչվում է թումանյանական հետազոտությունների կենտրոն։ Կա թանգարան Երևանում և տուն–թանգարան Լոռու մարզում` Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում։ Դրանք այն երեք վայրերն են, որոնք կապված են բանաստեղծի անվան հետ։
Ի դեպ, Իրմա Սաֆրազբեկյանը հետաքրքիր մանրամասներ պատմեց Թումանյանի երևանյան թանգարանի մասին։ Պատմական–գրական թանգարանը սկսել են կառուցել են 1949թ–ին. Անաստաս Միկոյանը զանգահարել է Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունովին և կարգադրել թանգարան ստեղծել։ Կարիք չկա ասել, թե այդ տարիներին ինչպիսի ազդեցություն է ունեցել Մոսկվայից կատարած այդ զանգը...
Դրա հետ կապված` Իրմա Ռուբենովնան, շտապում է հերքել համառորեն վերածնվող պատմությունն այն մասին, որ Միկոյանը իբր ժամանակին չի ընդունել Թումանյանի այրուն` Օլգա Թումանյանին, երբ նա Մոսկվայում հանդիպում է խնդրել, իսկ հետո էլ, իբրև, Օլգան հրաժարվել է նրա հետ հանդիպել Երևանում։
Օլգա Թումանյանը` Իրմա Ռուբենովնայի տատիկը, երբեք չի եղել Մոսկվայում, վկայում է թոռնուհին, և այդ ամբողջ պատմությունը, որ Միկոյանը չի ընդունել նրան, բացարձակ հերյուրանք է։ Օլգա Թումանյանը և Միկոյանը հանդիպել են Երևանում 1953թ–ին, երբ վերջինը Երևան էր ժամանել և այցելել նորաբաց թանգարան։
Ի դեպ, հենց այդ հանդիպման ժամանակ Օլգա Թումանյանը, ոչ մի բանից չվախենալով և առանց քաշվելու հարցրել է Միկոյանին որդիների մասին, որ ենթարկվել են բռնաճնշումների և մահացել 1930–ականների վերջին։ Այդ ժամանակ Միկոյանը պատասխանել է, որ այդ առիթով կոնկրետ ոչ մի բան չի կարող ասել։
Խոսքը, հավանաբար, արդարացման մասին է եղել, որը տեղի է ունեցել 1955թ–ին. բայց այստեղ էլ պետք է մի բան պարզաբանել։ Փաստերը շատ համառ են, և եթե մենք ներկայացնում ենք ստույգ տարեթվեր և մարդկանց կյանքի հանգամանքները, ապա դա պետք է մանրակրկիտ ներկայացնել։
Թումանյանի որդիներից մեկը` Արտավազդը, մահացել է դեռ հոր կյանքի օրոք` 1918թ–ին Վանի պաշտպանության ժամանակ։ Մնացած երեքը հայտնվել են ստալինյան բռնաճնշումների զոհերի շարքում. Ամլիկին գնդակահարել են 1937թ–ի ամռանը, Արեգին` գրեթե մեկ տարի անց, իսկ Մուշեղը մահացել է թոքաբորբից 1938թ–ի ապրիլին սիբիրյան աքսորում։
Բայց վերադառնանք Թբիլիսի։
Թումանյանի տունն ավելի վաղ պատկանել է Իվան Գրիգորի Շանշիևին (Շանշինյան)` ժամանակին հայտնի առևտրականի որդուն։
Թբիլիսիում Թումանյանի անվան գրադարանը գտնվել է ոչ թե այդ տանը, այլ Կայշաուրսկայա փողոցում։ Այստեղ գտնվող գրադարանը սովորական է եղել և համարակալված է եղել 13 թվով։
Ինչ վերաբերում է բանաստեղծի սիրտը հողին հանձնելուն, որը մի ժամանակ պահվել է ֆորմալինով հատուկ անոթի մեջ, ապա ծեսն անցկացրել է արքեպիսկոպոս Ներսես Պոզապալյանը Դսեղի մատուռում։ Եվ արկղի կամ պահարանի ոչ մի բանալի չի եղել, որտեղ պահվել է այդ անոթը, որևէ մեկի մոտ ոչ Հայաստանում, որ Վրաստանում։
Եվ վերջինը, ինչ կցանկանայի նշել Իրմա Ռուբենովնայի հետ զրույցից. Հովհաննես Թումանյանը երբեք չի ցանկացել, որ իրեն թաղեն Վրաստանում։ Բանաստեղծի թոռնուհին նման լեգենդների տարածումը արմատախիլ անելու համար հրապարակել է պապի կտակը, որում հստակ նշվում է, որ նա խնդրում է թաղել իրեն Հայաստանում` Լոռիում գտնվող փոքր հայրենիքում։
Մեկ այլ բան է, որ Թումանյանի կտակի այդ մասը չի հաջողվել իրագործել տարբեր պատճառներով, այդ թվում այդ տարիներին բարդ քաղաքական իրադրության հետևանքով։
Իրմա Ռուբենովնան երկար ու հանգամանալից պատմեց։ Նա տարբեր ժամանակներում հրպարակել է մի շարք փաստաթղթեր ու գրքեր` նվիրված Թումանյանների ընտանիքին. հավանաբար պետք է հիմնվել այդ փաստաթղթերի ու հուշերի վրա` գրված շատ իրադարձությունների ականատես մի մարդու կողմից, որին հայտնի է հավաստի պատմությունը` չհամեմված մտացածին տեղեկություններով, լեգենդներով և ուշ ավելացումներով։