ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Երևան-Երասխավան ավտոճանապարհին`Նորագավիթի «գայի պոստի» մոտ, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 01:50-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի ճաղավանդակներին, մի քանի պտույտ շրջվել է և հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա:
Վթարի հետևանքով տեղում մահացել են 3 մարդ, իսկ 1–ը` հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, շտապօգնության ավտոմեքենայի մեջ:
Փրկարարներն ու ոստիկանները տղամարդկանց դիակները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս, մի քանի մետր հեռավորության վրա:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը: