ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Օպերատիվ կապը գործում է, հրադադարի ռեժիմի խախտումների ժամանակ հակառակ կողմը շատ արագ տեղեկացվում է, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը` անդրադառնալով երկու երկրների իշխանությունների միջև հաստատված օպերատիվ կապին։
«Մեզ կամ ադրբեջանական կողմին մտահոգող շարժի կամ գործողությունների, ինժեներական աշխատանքների իրականացման դեպքում մենք ահազանգում ենք անմիջապես, որպեսզի դադարեցնեն»,– ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե կապի ինչ միջոցներով են երկու երկրների պաշտոնյաները շփվում միմյանց հետ։
«Հեռախոսակապով»,– պատասխանեց Դավիթ Տոնոյանը։ Իսկ թե ով է ում զանգահարում, Տոնոյանը չբացահայտեց, բայց նշեց, որ իրեն չեն զանգահարում, Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն էլ անմիջական կապի դուրս չեն գալիս։
«Կա այլ պատասխանատու անձ, որը համապատասխան զեկուցում է իր վերադասներին»,– ասաց Տոնոյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 29-ին, Դուշանբեում կայացած ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումից վերադառնալով, Փաշինյանն ասել էր, որ Ալիևի հետ «ոտքի վրա» հանդիպման ընթացքում որոշվել է օպերատիվ կապ հաստատել։
Շուրջ մեկ ամիս անց Փաշինյանը հայտարարեց, որ ուղիղ կապը հաստատված է, ինչի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանին և արցախա–ադրբեջանական շփման գծում իրավիճակն աննախադեպ հանգիստ է։