Գերմանիայի դեսպանին հետ կանչելու հարց չի քննարկվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով գերմանական մամուլի հրապարակումներին:
«Նման հարց չի քննարկվում: Դրանք պնդումներ են մամուլում, և չեմ կարծում, որ մենք պետք է որևէ հոդվածի առնչությամբ համապատասխան քայլեր ձեռնարկենք,- շեշտեց փոխարտգործնախարարը,- դա շատ նուրբ հարց է, որը վերաբերում է մեր դիվանագիտական ներկայացուցչությանը, դրա ղեկավարին և հեղինակությանը»։
Փոխնախարարը հորդորեց սպասել քննության ավարտին։
Հիշեցնենք` գերմանական մամուլում հրապարակված հետաքննական հոդվածում նշվել էր, որ Գերմանիայում հանցավոր խմբավորում է գործում, որի գործունեությունը լրջորեն մտահոգում է ԳԴՀ ոստիկանությանը։ Ըստ հրապարակման` Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն իր օգնություն է առաջարկել գերմանացի քննիչներին հայկական մաֆիայի դեմ պայքարում։