Վաղարշակ Հարությունյանը ՀԱՊԿ քարտուղար կնշանակվի՞, թե՞ ԱԽ քարտուղար. «Հրապարակ»

Թերթը գրում է, որ ընտրություններից հետո Արմեն Գրիգորյանը կփոխարինի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։ Դրան զուգահեռ մերոնք շրջանառության մեջ դրեցին պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը, որի թեկնածությունը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնին շրջանառվում էր մինչ Խաչատուրովի նշանակումը, դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, և ով ընդունելի թեկնածու է ռուսական կողմի համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Արման Եղոյանը հայտնեց` երբ և որտեղ կքննարկեն ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցը

Հարությունյանն անգամ ասուլիս տվեց։ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀԱՊԿ նոր քարտուղարի հարցում բանակցությունները շարունակվում են՝ հարցը փակ չէ։ Բելառուսի ԱԳՆ-ն նույնպես հայտարարեց, որ Զասի նշանակման հարցը որոշված չէ։

«Մեր աղբյուրներն ասում են, որ Զասի թեկնածությանը դեմ է ռուսական կողմը, ուստի Բելառուսը փորձում է այլ թեկնածու առաջադրել։ Եթե չհաջողվի, ամենայն հավանականությամբ, ՀԱՊԿ նախագահությունը կանցնի ղազախներին։ Հայաստանի ներկայացուցչի նշանակումը փորձագետները քիչ հավանական են համարում»,– գրում է թերթը։

Սակայն Վաղարշակ Հարությունյանին, ըստ պարբերականի, խոստացել են, որ եթե իր նշանակումը չստացվի, առաջիկայում կնշանակեն ՀՀ ԱԽ քարտուղար, իսկ այս ընթացքում պրոբլեմներ արձանագրած Արմեն Գրիգորյանին ընտրություններից հետո կտանեն ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի տեղը: