ՀՀԿ խմբակցությունը լքած պատգամավորը կօգնի Փաշինյանին, բայց օգնությունը չափավոր կլինի

Ֆելիքս Ցոլակյանն ԱԺ արտահերթ ընտրությանը կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով, բայց չի համալրի կուսակցության շարքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ ղեկավարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը պատգամավոր կառաջադրվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ Այսօր ԱԺ–ում Ցոլակյանն այս մասին հայտնեց լրագրողներին։

Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում. Ֆելիքս Ցոլակյանը` ԱԺ–ն ցրելու և պաշտոնին հարմարվելու մասին

Ցոլակյանն ավելացրեց, որ կուսակցության շարքերը չի համալրի, պարզապես կմասնակցի նախընտրական քարոզարշավին և կօգնի քարոզչության հարցում։

Նա հայտարարեց, որ պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել հարազատ Շիրակի մարզում։

Ցոլակյանը հիշեցրեց, որ երբևէ կուսակցական չի եղել, Հանրապետական կուսակցության անդամ չի եղել, բայց եղել է իշխանության մեջ իր աշխատելու շնորհիվ։

«Ես որևէ մեկին աջակցելու խնդիր չեմ ունեցել։ Ես չեմ քայլել, ճանապարհ չեմ փակել, իմ աջակցությունը կայացել է քվեարկության ժամանակ՝ Ազգային ժողովում իմ վերաբերմունքը ցույց տալով։ Դրանից հետո ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ աջակցել իշխանություններին և հիմա իմ աջակցությունը հայտնում եմ՝ ընտրություններում առաջադրվելով», – ասաց նա։

Ցոլայանը նշեց, որ հիմա իրավիճակ է փոխվել։

«Ու դրա հետ կապված` ես առաջարկում եմ իմ օգնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ–ն այս տարվա մայիսի 1-ին Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեց։ Նրա դեմ քվեարկեցին ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները, բացի Ցոլակյանից (նա կողմ քվեարկեց)։ Որոշ ժամանակ անց պատգամավորը հրաժարվեց մանդատից։