«Իմ քայլն» անակնկալներ չի խոստանում, Վանեցյանը ցուցակում չի ներառվելու. Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանն ընտրողներին խորհուրդ է տալիս նախընտրական ցուցակում այսինչ այսինչյանին չփնտրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում անակնկալներ չեն լինելու։ Այսօր լրագրողների հետ զրույցում խոստացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հայտնի անունների և այլ կուսակցությունների անդամների առկայության մասին լուրերին։

«Որևէ անակնկալ չսպասեք, որ ցուցակը հրապարակենք, մեկ էլ պարզվի, թե հայտնի այսինչ այսինչյանը մեր ցուցակի 9-րդ տեղում է։ Նման բան չի լինելու»,- ասաց Սիմոնյանը։

Նա նաև նշեց, որ ՔՊ-ն քաղաքական ամբողջ թիմով է մասնակցելու ընտրություններին, այդ թվում՝ գործող նախարարներն ու այլ պաշտոնյաներ։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցության մասին լուրերին, ապա Սիմոնյանը հերքեց դրանք՝ հավելելով, որ Վանեցյանը ցուցակում չի ներառվելու։

«Լինելու է մեր քաղաքական թիմը,որն ի սկզբանե եղել է մեր կուսակցության ստեղծման հիմքերում»,- ասաց նա։

Նրա խոսքով` իրենց ցուցակում լինելու են 2-3 մարդ ՀՀԿ խմբակցությունից, որոնք կուսակցության անդամ չեն։ Սիմոնյանը վստահեցրեց` ցուցակում օդիոզ դեմքեր չեն լինելու։

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։