Զորամասի տարածքից ավազ են արդյունահանել. նոր բացահայտումներ պաշտպանության ոլորտում

ՀՀ զինվորական դատախազությունը պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններով չարաշահումների նոր փաստեր է հայտնաբերել, հարուցվել են քրեական գործեր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. ՀՀ զինվորական դատախազությունը զինվորական տարբեր ստորաբաժանումներում իրականացրած ստուգումների արդյունքում շուրջ 50 մլն ՀՀ դրամի խախտումներ է արձանագրել։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Մեկ միլիոն դրամ՝ ստուգումներ չանելու և խախտումները կոծկելու դիմաց

Կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2014-2016թթ. ընթացքում ինժեներական տեխնիկայի վերանորոգման առանձին ծառայությունների պայմանագրային գներն ուռճացված են ներկայացվել կամ նույն ծառայությունը փաստաթղթերում ներկայացվել է կրկնակի՝ ներառվելով տարբեր աշխատանքների մեջ:

Օրինակ` պահեստամասերի ձեռքբերման նպատակով երկու կազմակերպությունների հետ կնքված 403.699.900 ՀՀ դրամի պայմանագրերի գներն ուռճացված են եղել, կամ նույն ապրանքները կազմակերպություններն այլ կազմակերպությունների վաճառվել են ՊՆ-ի հետ կնքված պայմանագրային արժեքներից էականորեն ցածր գներով:

5 զորամասերում կատարված ուսումնասիրություններով էլ պարզվել է, որ 2015-2018թթ ընթացքում ծանր տեխնիկայի կամ տրանսպորտային միջոցների չկատարած երթերի, աշխատանքների համար ձևակերպվել են կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ծախսագրվել է մեծ քանակությամբ վառելիք, վազքաչափի տվյալներում հավելագրվել են կիլոմետրեր, ներկայացվել իրականում չկատարված աշխատանքներ: Դրանցից միայն մեկի արդյունքում բացահայտվել է պետությանը պատճառված շուրջ 23 մլն դրամ:

Մեկ այլ զորամասում կատարված ուսումնասիրությամբ էլ պարզվել է, որ կարմիր ավազի տեղափոխման նպատակով զորամասի ղեկավարությունը մեծ քանակությամբ դիզվառելիքի ծախս է ներկայացրել` չունենալով ընդերքօգտագործման իրավունք։ Բացի այդ 14.646.000 ՀՀ ավազի գտնվելու վայրի և օգտագործման նպատակի մասին տվյալներ չեն եղել։

Ուսումնասիրություններով բացահայտված խախտման 7 դեպքերով հարուցվել են քրեական գործեր։