Վերաքննիչ դատարանում բողոքարկումները ավելացել են. ի՞նչ է փոխվել

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է, թե ինչ է փոխվել ՀՀ դատական համակարգում դատավորների անկախության մասին քաղաքական հայտարարության արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի դատական համակարգն անկախ է, դատավորների նկատմամբ ճնշումներ չեն կիրառվում։

Դատարանը մերժել է Արա Մինասյանին կալանավորելու միջնորդությունը

Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը` անդրադառնալով հանրության շրջանում առկա այն մտահոգություններին, թե դատավորները շարունակում են «վերևից» զանգեր ստանալ։

«Մենք ամեն ինչ ունենք անկախ գործելու համար և գործում ենք։ Չունենք որևէ սահմանափակում։ Մենք ունենք աննախադեպ իրավիճակ, երբ քաղաքական կամքի տեսանկյունից նույնպես դատավորների անկախ գործելու մասին հայտարարություն է եղել, ինչը շատ քիչ երկրներում է լինում»,– ասաց նա։

Արսեն Մկրտչյանի համոզմամբ դատական համակարգի նկատմամբ վստահության ավելացման մասին են վկայում նաև «թավշյա հեղափոխությունից» հետո ավելացած  բողոքարկումները։

«Նաև բողոքարկման որակն է բարձրացել, ինչը պայմանավորված է մարդկանց` իրենց իրավունքների պաշտպանության ձգտումով»,– ասաց Մկրտչյանը։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի խոսքով, այս տարվա առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1000-ով ավելի վերաքննիչ բողոքներ են ստացվել։

«Ի տարբերություն նախորդ հասարակարգի, այսօր հանրության մեջ շատ քիչ է այն տեսակետը, թե ոչինչ էլ չի փոխվի` բողոքարկենք, թե չբողոքարկենք։ Ես դա կպայմանավորեի հենց վստահության մեծացմամբ, ընդ որում, ոչ միայն դատական իշխանության, այլև ընդհանրապես պետական իշխանության նկատմամբ»,– ասաց Մկրտչյանը։

Ի տարբերություն միջպետական դատական ատյանների, Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացվող դիմում– բողոքներն, Արսեն Մկրտչյանի կարծիքով, առաջիկայում կարող են էապես նվազել։ Ներհայաստանյան դատական համակարգի անկախ գործելուց բացի դրան կարող է նպաստել այն հանգամանքը, որ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը միացել է ՄԻԵԴ–ում գործող բարձր դատարանների ցանցին։

Արսեն Մկրտչյանի դիտարկմամբ՝ այդ ցանցը ոչ միայն արագ տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային  հարթակ է, այլև հնարավորություն է տալիս տեղեկանալու, թե որ դիրքորոշումներն են կարևորվում եվրոպական դատարաններում։