Հայկական հետախուզությունը ապրիլյան պատերազմից առաջ և հետո. ի՞նչ է փոխվել

Հայկական հետախուզությունը կոփվել է մարտի դաշտում, անցել դաժան փորձությունների միջով և կայացել` որպես ամուր կառույց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի —  Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանում ռազմական հետախուզության օրը յուրահատուկ ամսաթիվ է օրացույցում։

Հայաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. Փաշինյան

Դա առիթ է նշելու տղաների վաստակը, որոնց աշխատանքը, երբեմն, չի երևում, մենք չենք լսում նրանց անունների լրահոսում, նրանք չեն կարող և չեն սիրում երևալ տեսախցիկների առաջ։ Բայց նրանք կերտում են անվտանգությունը։

Հետախույզների ուսերին ընկած է հսկայական ծանրաբեռնվածություն և պատասխանատվություն, նրանք պարտավոր են հաշվարկել և կշռադատել իրենց գործողությունները մի քանի քայլ առաջ, գուշակել հակառակորդի  ծրագրերը և մտահղացումները դրանց իրագործումից շատ առաջ։ Հայկական հետախուզությունը կոփվել է մարտի դաշտում, այն անցել է դաժան փորձությունների միջով և կայացել որպես ամուր կառույց։

Ընդունված է կարծել, որ հետախուզական զորքերը պատմականորեն եղել են Հայաստանի զինված ուժերի ամենաուժեղ օղակներից մեկը։ Զորքերի այդ տեսակը տարբերվում է բարձր մարտական և ֆիզիկական պատրաստվածությամբ, բարձր պրոֆեսիոնալիզմով և հայրենասիրական ոգով, բարդ պայմաններում որոշում ընդունելու կարողությամբ։

Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի խոսքով` բոլոր այդ տարիներին ռազմական հետախուզությունը հաջողությամբ իրագործել է ղարաբաղյան հակամարտության գոտում կայունությունը պահպանելու խնդիրները։

«Ռազմական հետախուզությունը հիմնականում կենտրոնացել է այն ասպեկտների վրա, որոնք կապված են ղարաբաղյան հակամարտության հետ։ Անշուշտ, այս ոլորտը փակ է, և դրա աշխատանքի մանրամասներն անհասանելի են հասարակությանը, և դա նորմալ է։ Փոխարենը մենք կարող ենք ասել, որ նվազագույն ռեսուրսների պայմաններում հետախուզությունը կարողացել է կատարել իր առջև դրված առաջադրանքները», – ասաց Հարությունովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։

«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի մասին

Ռազմական սպառնալիքների տեսանկյունից հայկական հետախուզությունը միշտ աչքի է ընկել բարձր արդյունավետությամբ, նշեց մեր զրուցակիցը։ Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ստորաբաժանումների ոչ մի առաջխաղացում չի վրիպել հայկական հետախուզության ուշադրությունից։ Ասվածը վերաբերում է նաև 2016թ–ի ապրիլյան իրավիճակին։

«Մեկ այլ բան է, որ քաղաքական ղեկավարությունը, հնարավոր է, ոչ միշտ է ադեկվատ արձագանքել հետախուզության օպերատիվ տվյալներին։ Մինչև ապրիլյան իրադարձությունները քաղաքական ղեկավարությունը չի հասկացել, որ ամեն ինչ գնում է լոկալ պատերազմի», – ասաց Հարությունովը։

Այդ իրադարձություններից հետո հետախուզական ստորաբաժանումները զգալիորեն բարելավել են իրենց տեխնիկական հնարավորությունները` ստանալով ժամանակակից սարքավորումներ և լրտեսման միջոցներ։ Այդ մասին անուղղակիորեն վկայում է թեկուզ այն հանգամանքը, որ հակամարտության գոտում բախումների և դիվերսիոն հարձակումների քանակը զգալիորեն կրճատվել է։ Եթե նախկինում նման միջադեպերը կարող էին լինել գրեթե ամեն ամիս, ապա հիմա դրանք տարվա ընթացքում եզակի են։

Հայկական հետախուզությունն անցած  տարիներին կուտակել է հակառակ կողմի գործողություններին, նրա տեխնիկական հնարավորություններին հետևելու անգին փորձ, և միջադեպերի կանխումը մի քանի անգամ ավելացել է։

Սա ահարկու ուժ է, որի հետ անհնար է հաշվի չնստել, նշում է Հարությունովը։  Եթե ինչ–որ բան պատահի, ադրբեջանական կողմի համար չափազանց դժվար կլինի անակնկալներ մատուցել։