ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելը չի կարող հիմք հանդիսանալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար, ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Անցած շաբաթ կազմակերպությունում հայտնեցին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար է դարձել տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Ավելի ուշ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտնել է, որ Խաչատուրովի հրաժարականը կապված է Հայաստանից նրա թեկնածության հետկանչով։
«Պաշտոնից Խաչատուրովի ազատվելը չի կարող հիմք հանդիսանալ նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշման համար», – ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք` Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով, այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը: Նրա լիազորությունները դադարեցվել էին նոյեմբերի 2-ին։ Հայաստանում այս ընթացքում հայտարարում էին, որ հույս ունեն պահպանելու գլխավոր քարտուղարի պաշտոնը։
Նշվում է, որ ՀԱՊԿ–ում ի սկզբանե քննարկվում էր մի տարբերակ, որի համաձայն մնացած 1.5 տարին գլխավոր քարտուղարի պաշտոնակատար կնշանակվեր գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
Սակայն արդյունքում որոշում է կայացվել լիարժեք քարտուղար նշանակելու մասին։ Ընդ որում` որոշվել էր ղեկավարվել ռոտացիայի սկզբունքով։ Դրա համաձայն` այբբենական կարգով Հայաստանից հետո Բելառուսը պետք է գլխավոր քարտուղար նշանակի։