22 տարվա ազատազրկում. 20-ը սպանության, 2-ը՝ ապօրինի զենքի համար

Գյումրիում ավարտվել է ռուս զինծառայողի սպանության գործով դատավարությունը
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան.  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հոկտեմբերի 31-ին ավարտվել է  Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության գործով դատական նիստը:

SOS-Գյումրի. գնալ, թե չգնալ Գյումրի. լուսանկարներ

Դատարանը կայացրել է դատավճիռ՝ Արման Ջանջուղազյանին դատապարտելով 22  տարվա  ազատազրկման:

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց  դատարանի նախագահ  Գագիկ Հովհաննիսյանը՝ դատավճիռը  հրապարակվելու պահից 7 օրվա  ընթացքում այն կտրամադրվի կողմերին, որից հետո 1 ամսվա ընթացքում հնարավոր կլինի այն բողոքարկել:

Ի դեպ, փետրվարի 12-ին մեկնարկած դատը, որը նախագահում էր Վահե Ներսեսի Միսակյանը, երկրորդ դատական նիստից հետո մնացյալ բոլոր նիստերը անցել են դռնփակ դահլիճում:

Շիրակի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում ՌԴ քաղաքացու մեքենայի հրկիզման փաստով

Հիշեցնենք, որ Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ, դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմակայանի զինծառայող Դմիտրի Յալպաևին և սպանել նրան: Ըստ տեղեկությունների` Ջանջուղազյանը իսլամն ընդունել է Հունաստանում գտնվելու տարիներին և նախաքննությանն էլ ասել է, որ «Իսլամական պետության» համակիր է:

Նրան մեղադրանք է առաջադրվել ազգային, ռասայական կամ կրոնական ատելության, կրոնական մոլեռանդության շարժառիթով կատարված սպանություն կատարելու և ապօրինի զենք կրելու համար: