«Եթե ոչ մենք, ապա ո՞վ». Էդմոն Մարուքյանը` ԱԺ արտահերթ ընտրության մասին

Հայաստանի ապագա խորհրդարանում «Լուսավոր Հայաստանը» կարող է դառնալ երկրորդ ուժը։ Այս հարցում վստահ է կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները կանցնեն նոր խորհրդարան։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս կարծիքը հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Փաշինյանը պետք է հրաժարվի «սուպերվարչապետական» համակարգից. Քոչարյան

«Լուսավոր Հայաստանը» երեկ հայտարարել է, որ սեփական ցուցակով է մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրությանը։

«Մենք կմասնակցենք սեփական ցուցակով, որում ներառված կլինեն նաև այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։Նրանք կարող են առաջադրվել ռեյտինգային ցուցակներով», – ասաց Մարուքյանը։

Քաղաքական գործիչը վստահեցրեց, որ ցուցակում չեն լինի մարդիկ, որոնց անցյալը կարող է որևէ կերպ ստվեր գցել կուսակցության վրա։

Մարուքյանն ասաց, որ «Հանրապետություն» կուսակցության հետ երկար են բանակցել ընտրությանը մասնակցելու ձևաչափի շուրջ։ Երկրում ստեղծված արտասովոր իրավիճակն ազդել է այդ հարցի լուծման վրա։

«Իրավիճակը «զրոյացել» է բոլոր կուսակցությունների համար, և բոլորն իրենց ծրագրերը ներկայացնելու հնարավորություն ունեն», – ասաց Մարուքյանը։

Բանավեճերը շարունակվել են նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծն ԱԺ–ում չընդունվելուց հետո։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ասաց, որ օրենսգրքի պահպանումը հանգեցրեց նրան, որ կուսակցությունները որոշեցին առանձին մասնակցել ընտրությանը։

ԱԺ–ում երեք կուսակցություն կլինի. իրադարձությունների հավանական զարգացումը` ըստ Քոչարյանի

Միաժամանակ Մարուքյանն ընդգծեց, որ «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցելու հնարավորությունները չեն սպառվել։ Նա վստահ է, որ և՛ «Լուսավոր Հայաստանը», և «Հանրապետությունը» խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն։

«Կարծում եմ` երկուսն էլ նոր խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն։ Եթե ոչ մենք, ապա ո՞վ... «Լուսավոր Հայաստանը» կարող է դառնալ երկրորդ ուժը երկրում», – ասաց քաղաքական գործիչը։

Նա խուսափեց պատասխանել հարցին` արդյո՞ք նրանք առաջարկել են «Հանրապետության» ներկայացուցիչներին առաջադրել իրենց թեկնածուներին «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակում։

Մարուքյանը նշեց, որ հակված չէ առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, որովհետեւ համամասնական քարոզարշավն իրենց քաղաքական թիմի ուսերին է․ «Եթե մենք առաջադրվում ենք ռեյտինգային ընտրակարգով, դա նշանակում է, որ ինչ-որ մի տարածքում ավելի շատ պիտի լինենք, քան մնացած տարածքներում», - ասաց նա՝ հավելելով, որ կա ժամանակային խնդիր։

Պատգամավորը նշեց, որ եթե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծն ընդունվեր, ռեյտինգային համակարգը կչեղարկվեր, և առաջիկա ընտրությունն ավելի քաղաքական կլիներ։ Իսկ հիմա նորաստեղծ կուսակցությունները նոր խորհրդարանում հայտնվելու ավելի քիչ հնարավորություն ունեն։

Արամ Սարգսյանը ներողություն է խնդրել Facebook-ում

«Նրանք նախընտրական ցայտնոտի մեջ են։ Միաժամանակ մենք արեցինք ամեն բան, որ նոր ԸՕ–ն ընդունվեր», – ավելացրեց Մարուքյանը։

Չնայած դրան` քաղաքական գործիչը կարծում է, որ կոնկրետ «Լուսավոր Հայաստանի» համար շատ բան չի փոխվել։

Նրա կարծիքով` եթե մարդկանց կաշառք չեն բաժանում, եթե վարչական ռեսուրսներ և վախեցնելու մեթոդներ չեն կիրառվում, ապա ռեյտինգային համակարգը կարող է իր դրական կողմերն ունենալ, օրինակ, մարզերի քաղաքական գործիչներին խորհրդարան ներգրավելու համար։

Հարցին` խորհրդարան անցնելու դեպքում արդյո՞ք նրանք ընդդիմություն կլինեն, Մարուքյանը պատասխանեց, որ «դա կորոշեն ժողովուրդն ու ընտրությունները»։ Նա ավելացրեց, որ կուսակցությունն ունի ծրագրեր, որոնք ուղղված են երկրի զարմացմանը։

Հիշեցնենք` Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» ու Արամ Սարգսյանի «Հանրապետության» հետ նախորդ տարի միավորվել էին «Ելք» դաշինքում։ Սակայն «թավշյա հեղափոխությունից» ու Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո նրանց ճանապարհները բաժանվեցին։ Երևանի ավագանու ընտրության ժամանակ Փաշինյանի կուսակցությունն առանձին ցուցակով մասնակցեց, իսկ մյուս երկուսը միավորվեցին ու կազմեցին «Լույս» դաշինքը։