«Լուսավոր Հայաստանի» առաջնորդը մեկնաբանել է Կոնջորյանի դուրս գալը կուսակցությունից

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը չի հիշում մեկին, որն իշխանությանն է միացել գաղափարական հենքի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ամեն մարդ իր ճանապարհն ունի քաղաքական առումով, և ժամանակը ցույց կտա, որն էր ճիշտը։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայկ Կոնջորյանի` կուսակցությունը լքելու քայլը։

Հիշեցնենք` Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և աջակցում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Ինչ վերաբերում է կուսակցությունը լքող մարդկանց, ապա դա նրանց որոշումն է։ Կուսակցությունը չպետք է այդ մասին մտածի, կուսակցությունն ապրող օրգանիզմ է, անընդհատ պրոցեսներ են ընթանում, նոր մարդիկ ենք գալիս, հին մարդիկ կարող են վերանայել իրենց մոտեցումները», – ասաց Մարուքյանը։

Նա նաև նշեց, որ չի հիշում մեկին, որը գաղափարական հենքի վրա է միանում իշխանությանը, բայց գիտի մարդկանց, որոնք նույն պատճառով մնում են ընդդիմության կազմում։ Որպես օրինակ նա բերեց ինքն իրեն և «Լուսավոր Հայաստանի» մյուս անդամներին։

Նշենք, որ Կոնջորյանն ԱԺ արտահերթ ընտրությանը կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով (որի մեջ մտնում է Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը)։