ԱԺ–ում երեք կուսակցություն կլինի. իրադարձությունների հավանական զարգացումը` ըստ Քոչարյանի

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ նախկին իշխող կուսակցությունը կհաղթահարի ԱԺ անցնելու նվազագույն շեմն ու ավելի կտրուկ դիրքորոշմամբ կներկայանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում ամենայն հավանականությամբ խորհրդարան կանցնեն քաղաքական 3 ուժ` «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը» և ՀՀԿ–ն։ Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում այս կարծիքը հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Ընտրական ծուղակ. նոր ԱԺ–ի «որակը» հարցականի տակ է

Ինչպես նշեց Քոչարյանը, դեռ երեկ թվում էր, որ «Լույս» դաշինքը կհաղթահարի 7%-ոց շեմը, բայց դաշինքում չկարողացան կոնսենսուսի հասնել ու որոշեցին առանձին–առանձին մասնակցել ընտրություններին։ Քաղտեխնոլոգը կարծում է, որ այդ դեպքում նրանց համար ավելի դժվար կլինի։

ՀՀԿ–ի հնարավորություններն էլ պայմանավորված են այն հանգամանքով, որ 20 տարվա ընթացքում նրանք կարողացել են սոցիալական լուրջ բազա ստեղծել իրենց համար։

«Չեմ ասում, որ հանրապետականները լուրջ ներկայացվածություն կունենան խորհրդարանում, բայց նրանք կհաղթահարեն 5%–ոց շեմը։ Կարծում եմ նաև, որ ՀՀԿ–ն կլինի ընդդիմադիր ուժերից մեկը, որն ավելի ծայրահեղ դիրքորոշում կունենա», – ասաց Քոչարյանը։

ԱԺ անցնելու հնարավորություն ունի նաև «Սասնա ծռեր» կուսակցությունը, բայց նրանք էլ այնքան ծայրահեղ հայացքներ ունեն, որ դժվար է ասել` ընտրազանգվածի որ հատվածը կքվեարկի նրանց օգտին։

Ինչ փաստաթուղթ է պետք ԱԺ պատգամավոր դառնալու համար

Քոչարյանը մեկնաբանեց նաև մյուս քաղաքական ուժերի «փախուստը» դեպի «Քաղաքացիական պայմանագիր»։ Փորձագետի կարծիքով` դա բացասական երևույթ է, որը կարող է «Քաղաքացիական պայմանագրին» սպառնալ «հանրապետականացմամբ»։ Եթե արտահոսքը շարունակվի, ապա Փաշինյանի կուսակցությունը քաղաքական նոր «հրեշ» կդառնա։

Հիշեցնենք` խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կտևի 12 օր՝ նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ը: