Նախարարի պաշտոնակատարը պատմեց` ովքեր ու ինչպես են ՔՊ–ի անդամատոմս ստանում

ՔՊ–ին անդամագրվող խաժամուժի մասին լուրերը հողմաղացներ են։ Արայիկ Հարությունյանը պատմեց` ինչ է կատարվում իրականում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ առաջադրվելու է ռեյտինգային ընտրակարգով՝ թիվ 3 ընտրատարածքից։

Դուր չի եկե՞լ նախարարի պաշտոնը. Լիլիթ Մակունցն ուզում է պատգամավոր դառնալ

«Այնտեղ, որտեղ նախորդ տարի առաջադրվել եմ և նախորդ տարի բավականին շատ ձայներ եմ ստացել»,– ասաց Հարությունյանը։

Լուրերը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերածվում է այլ քաղաքական ուժերից դուրս եկած տարբեր տարրերի ապաստան, Արայիկ Հարությունյանը հողմաղացներ որակեց` հավելելով, թե մարդիկ սիրում են հողմաղացներ հորինել ու պայքարել դրանց դեմ։

«Բայց այդ հողմաղացներն ուղղակի չկան։ Ես ուղղակի կոչ կանեմ սպասել։ Առաջիկայում ցուցակը կհրապարակվի, նոր ինքներդ կարող եք գնահատական տալ, թե ինչ «խաժամուժ» է այդ ցուցակում ներգրավված»,– ասաց նա։

Այդուհանդերձ, ՔՊ անդամը չհերքեց, որ կուսակցության նախընտրական ցուցակում լինելու են ՀՀԿ նախկին անդամներ, բայց չցանկացավ հրապարակել նրանց անունները։

Նախարարի պաշտոնակատարը հաստատեց` ՔՊ–ին անդամագրվողների հերթը բավականին մեծ է, բայց վստահեցրեց, որ անդամատոմս հանձնելիս հաշվի է առնվում դիմողի մասնակցությունը հեղափոխությանն ու նախկինում ՔՊ–ին ցուցաբերած աջակցությունը։