Եվրոպան խուճապի մեջ է. տասնյակ հազարավոր զինված միգրանտներ մտադիր են «ճեղքել» սահմանը

Սահմանին կուտակված միգրանտների շարքում սիրիացի փախստականներ չկան, ամբոխի մեջ մեծամասամբ Պակիստանի, Իրանի, Ալժիրի և Մարոկկոյի քաղաքացիներ են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի –Sputnik.  Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից դանակներով զինված մոտ 20 հազար միգրանտ սպառնում է Բոսնյայի և Խորվաթիայի սահմանով մոտ ժամանակներս ներխուժել ԵՄ տարածք։  Այս մասին հայտնում է  Kronen Zeitung` հղում անելով Ավստրիայի ՆԳՆ–ին։

Ինչպես հայտնում է պարբերականը, թեև երկու երկրների սահմանին հատուկ ստորաբաժանումներ են տեղակայվել, իրավիճակը սկսել է բարդանալ, քանի որ այժմ գրեթե բոլոր միգրանտները, որոնք ուզում են ճեղքել սահմանը, զինված են սառը զենքով։ Թերթը նշում է, որ միգրանտների այս ամբոխի շարքերում արդեն գրեթե ընտանիքներ և կանայք չեն մնացել։ Թերթի տվյալներով` 95%–ը երիտասարդներ են, գրեթե բոլորը դանակներով զինված։  Ոստիկաններից մեկին արդեն սպանելու փորձ են արել։

Միևնույն ժամանակ սահմանին կուտակված միգրանտների շարքում սիրիացի փախստականներ չկան, ամբոխի մեջ մեծամասամբ Պակիստանի, Իրանի, Ալժիրի և Մարոկկոյի քաղաքացիներ են։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի քաղաքացիները գերազանցապես ուզում են Գերմանիա և Սկանդինավյան երկրներ հասնել։