«Մարտի 1»-ի գործով ապացույցների կեղծմանն օժանդակած փորձագետը կկալանավորվի

Փորձագետ Արթուր Հովհաննիսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը` «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.–ին կալանավորելու վերաբերյալ: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Պողոսյան. «Այս ամենը դիտավորյալ է կատարվում»

Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում:

Նրա աշխատանքից ազատվելու ժամկետի, հիմքի կամ աշխատանքային գործունեությունը շարունակելու մասին տեղեկություններ ստանալու համար հարցում է ուղարկվել իրավապահ մարմին:

Հիշեցնենք` ՀՔԾ-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2008 թ-ի մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները կեղծել են նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն ու դատաձգաբան-փորձագետը։

Արթուր Հովհաննիսյանը, օժանդակելով Վահագն Հարությունյանին, նրա կազմակերպմամբ փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքները նա ամրագրել է իր իսկ տված եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ: