ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի — Sputnik. ԳԴՀ ոստիկանությունը լրջորեն մտահոգված է հայկական մաֆիայի ակտիվությամբ․ երեք տարվա ընթացքում ոստիկանությունը փորձել է կալանավորել հանցավոր ցանցի անդամներին, քանի որ Հայաստանի և ռուս-եվրասիական տարածաշրջանի բնակիչները հզոր հանցավոր ցանց են կազմակերպել Գերմանիայում։ Այս մասին գրել է Deutsche Welle–ը` հղում անելով գերմանական Der Spiegel պարբերականին։
Հոդվածի համաձայն` երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել և կալանավորել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, բայց հաջողության չեն հասել։ Խիստ գաղտնի հատուկ գործողությունը՝ Fight against thieves in law (պայքար օրենքով գողերի դեմ) պայմանական անվանումով, անցկացրել է քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը (BKA) վեց երկրամասային պրոֆիլային գերատեսչությունների հետ համատեղ։ Պարբերականը նշում է, որ այդ գործողությունը դարձել է ամենամեծ հետաքննություններից մեկը՝ նվիրված Գերմանիայում կազմակերպված հանցավորության դեմ պայքարին։
«Օրենքով գողերը» հետաքննության նյութերում բնութագրվել են որպես բարձրաստիճան հեղինակություններ։ Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք նաև վերահսկում են Գերմանիայում հայկական մաֆիայի կառույցները։
Նրանցով «հետաքրքրվելու» պատճառ է դարձել երկու խոշոր կլանների միջև փոխհրաձգությունը, որը տեղի է ունեցել Էրֆուրտում 2014թ-ի հուլիսին։ Այդ ժամանակ բացվել է 14 քրեական գործ 42 հոգու դեմ, որոնց կասկածել են ֆինանսական խարդախությունների մեջ։ BKA մասնագետների խոսքով՝ Գերմանիայում հայկական մաֆիա իսկապես կա։ Ռուս-եվրասիական հանցավոր օղակների մյուս խմբավորումների հետ միասին այն զգալի ֆինանսական ռեսուրսներ ունի և կարող է սպառնալ իրավական պետության հիմքերին։ Միաժամանակ ոչ բավարար ապացույցների պատճառով հետաքննությունների արդյունքները դեռ չեն հանգեցրել մեղադրանքների և քրեական գործերի։
Բացի այդ, հանցավորության թեման շոշափել է նաև դիվանագիտական հարաբերությունները։ Der Spiegel-ի և MDR-ի տեղեկատվության համաձայն` Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին առաջարկել է իր օգնությունը հայկական մաֆիայի դեմ պայքարում։ Սակայն BKA-ն խորհուրդ է տվել չհամաձայնել այդ համագործակցությանը՝ ենթադրելով, որ օրենքով գողերը վտանգավոր կապեր ունեն Հայաստանում ազդեցիկ անձանց հետ, այդ թվում՝ պաշտոնյաների։